Այսօր տեղի ունեցավ «Աղետների ռիսկի նվազեցման համակարգի զարգացումը Հայաստանում» խորագրով հերթական միջազգային հանդիպումը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների, Հայաստանի փրկարար ծառայության, մարզերի և համայնքների ղեկավարության ներկայացուցիչներ, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Աղետների նվազեցման միջազգային քարոզարշավի նպատակն է երկիրը զերծ պահել աղետներից:
Տեղեկացնենք, որ 1989թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին ընդունել է որպես Աղետների նվազեցման միջազգային օր՝ իբրև բնական աղետների նվազեցման գլոբալ մշակույթ ներառելով աղետների կանխարգելումը, մեղմումը և աղետներին նախապատրաստումը: Քանի որ աղետների պատճառած կորուստները և ազդեցությունը շարունակում են աճել գլոբալ մակարդակով՝ ընդգրկելով աշխարհի միլիոնավոր մարդկանց, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է բոլոր գործընկերներին՝ կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, միջազգային ֆինանսական հաստատություններին և մասնավոր սեկտորին՝ արագացնելու Հիոգոյի ծրագրի իրականացումը, որն ուղղված է նվազեցնելու մեր հավաքական խոցելիությունը բնական աղետներից:
Հանդիպման բացմանը հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան՝ կարևորելով աղետների ռիսկի նվազեցման համակարգի զարգացումը Հայաստանում, մասնավորապես՝ ճգնաժամային կարգավորման կենտրոն ստեղծելը: Ինչպես տեղեկացրեց Ա. Երիցյանը, այս տարի արդեն կունենանք ճգնաժամային կարգավորման կենտրոն, որում կհավաքվի ամենօրյա տեղեկատվություն և աղետների դեպքում վերահսկողություն կիրականացվի: Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը աղետների ռիսկի նվազեցումը ընդունել է որպես առաջնային խնդիր, նախարարն իր ելույթում նաև նշեց, որ աշխատանքներ են կատարվում Նուբարաշենի թունաքիմիկատների գործարանի վնասակար ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ, քանի որ, ինչպես հայտնի է, այս հարցը նույնպես դասվում է արտակարգ իրավիճակների խմբին:
Հանդիպմանը Գյումրիի փոխքաղաքապետը ստորագրեց «Դարձնենք քաղաքները աղետակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» արշավի վկայագիրը, որը, Դաֆինա Գերչևայի հավաստմամբ, պետք է շարունակական բնույթ կրի:
Հանդիպման օրակարգով նախատեսվում են կատարված աշխատանքների քննարկում, աշխատանքային խմբերի ձևավորում, միջազգային տվյալների համեմատություններ, տեսահոլովակների ցուցադրություններ:







































