Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին Արցախի այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:
Սամվել Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, թե այստեղ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տեղի ունեցածը սրբագրելու փորձի հետ գործ ունենք:
«Այն ենթադրությունը, որ այստեղ քաղաքական ինչ-որ ազդեցությամբ սրբագրման խնդիր կա, անլուրջ է: Սա նեղ իրավական գործընթաց է, ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք փաստում են այն մասին, որ այն անձինք, որոնք ցուցմունք են տվել այս գործով, ենթարկվել են խոշտանգումների: Նրանց մի մասը թելադրանք են գրել, մի մասը ինչ-որ հորինվածք են հաստատել: Հիմա այդ մարդիկ նախաքննական մարմնին ասում են, որ այն ինչ տեղի է ունեցել, իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Հիմա այդ ամբողջի լույսի ներքո դուք ինքներդ դատեք՝ քաղաքակա՞ն է, թե՞ նեղ իրավական»,-ասաց նա:
Հարցին, թե արդեն իր ձեռքի տակ կա՞ն ապացույցներ, որ այդ մարդիկ խոշտանգումների ազդեցության տակ են նման ցուցմունքներ տվել, պաշտպանը պատասխանեց. «Իմ ձեռքի տակ ոչինչ չկա, որովհետև դա իմ ձեռքի տակ չպետք է լինի, դա պետք է լինի նախաքննական մարմնում: Եթե այդպիսի հանգամանքներ չլինեին, քրեական գործ չէր հարուցվի: Դետալային մանրամասներ այս պահին բոլոր դեպքերում չենք կարող քննարկել, որովհետև նախաքննական գաղտնիք է: Երբ գործն ամբողջությամբ ավարտվի, դուք ինքներդ կարող եք հետևություններ անել»:
Սամվել Բաբայանի փաստաբանը կտրականապես հերքեց քաղաքական ենթատեքստ այս գործում. «Եթե դուք ավելի ուշ ծանոթանաք գործի նյութերին, կհասկանաք, թե ինչ բռնությունների, ինչ խոշտանգումների արդյունքում են հորինվել ցուցմունքներ: Դուք էլ կզգաք, որ այդտեղ ընդամենը քաղաքական պրոցես է, որ այսքան տարիների մարդկանց կարող են լռեցնել վախի մեջ պահելով: Ներկայումս թե Հայաստանում, թե Արցախում իշխանության են եկել այնպիսի ուժեր, որոնք լիարժեք վայելում են ժողովրդի վստահությունը, և այս պայմաններում վախի մթնոլորտը վերացել է:
Հիմա մի քանի տասնյակ մարդիկ իրենց ցուցմունքներում հայտնում են, որ այո, մեզ հետ դա է տեղի ունեցել: Օրերով սոված են պահել, ծեծել են, խոշտանգել են, սպառնալիքներ են եղել հարազատների նկատմամբ: Շինծու քրեական գործեր են հարուցել, հետո դադարեցրել են: Առանց որևէ իրավական հիմքի 200-ից ավելի մարդկանց ամիսներ շարունակ պահել են: Այդպիսի երևույթներ եղել են: Երբ ամեն ինչ կավարտվի, դուք դրանում կհամոզվեք»,-ընդգծեց Արամ Ղլեչյանը: