Tuesday, 14 05 2024
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել

Չեմ կասկածում, որ Քոչարյանը թալանել է իր երկիրը, բայց նա հայ է. իսկ Լուկաշենկոն բելառուս չէ, նա սովետական մարդ է․ Պորտնիկով

«Չի կարելի համեմատել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ղեկավարած Հայաստանը Լուկաշենկոյի Բելառուսի հետ։ Հայաստանը իր բոլոր նախագահների օրոք եղել է պետություն, որի առաջնորդները պաշտպանել են եթե ոչ իրենց երկրի ազգային շահերը, ապա գոնե կլանային շահերը և հաշվի են առել հանրային տրամադրությունները։ Իսկ Լուկաշենկոն երբեք դա չի արել։ Նա երբեք չի պաշտպանել բելառուսական պետության շահերը։ Ասեմ ավելին կարելի է չսիրել նախագահ Քոչարյանին, կարելի է չսիրել նախագահ Սարգսյանին։ Ես ինքս նրանց երկրպագուն չեմ։ Բայց նրանք հայ են, հասկանո՞ւմ եք։ Իսկ Լուկաշենկոն ուղղակի բելառուս չէ։ Նա սովետական մարդ է։ Սա է գլխավոր տարբերությունը»։

Բելառուսի գործող նախագահ, իր իշխանությունը ամեն գնով պահող Ալեքսանդր Լուկաշենկոն այս շաբաթ մեծ հարցազրույց է տվել ռուսական պետական լրատվամիջոցներին՝ հայտարարելով, թե ինքը չի պատրաստվում «հենց այնպես» հեռանալ։

«Ես հենց այնպես չեմ հեռանա։ Ես քառորդ դար կառուցել ու շենացրել եմ Բելառուսը և հենց այնպես այս ամենը չեմ թողնի։ Բացի այդ, եթե ես հեռանամ՝ իմ կողմնակիցներին կմորթեն», – ասել է Լուկաշենկոն։

Նա նաև ընդգծել է, թե եթե Բելառուսն ընկնի՝ հաջորդը լինելու է Ռուսաստանը»։

«Առաջին լրատվական»-ը Բելառուսի Հանրապետությունում և Բելառուսի շուրջ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող քաղաքական զարգացումների և հետխորհրդային այլ երկրների հետ համեմատության շուրջ զրուցել է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովի հետ։

– Պարոն Պորտնիկով, կուզենայինք քննարկել ու վերլուծել Բելառուսում և Բելառուսի շուրջ զարգացող իրադարձությունները հատկապես ավելի լայն պատկերի մեջ, քանի որ բոլորս էլ ապրում ենք հետխորհրդային կոչվող քաղաքական տարածության մեջ, որտեղ քաղաքական պրոցեսները շատ հաճախ փոխազդեցության մեջ են մտնում իրար հետ։ Ուկրաինական հեղափոխությունը, հայկական հեղափոխությունը, հիմա էլ՝ բելառուսականը։ Առաջին հարցը հենց դրա մասին է՝ ի՞նչ զուգահեռներ, տարբերություններ և կապեր եք տեսնում հետխորհրդային այս մի քանի երկրների հեղափոխական շարժումների միջև։

– Նախ և առաջ ես միևնույն չափսով չէի չափի բոլոր այն պրոցեսները, որ տեղի են ունենում հետխորհրդային տարածությունում, քանի որ յուրաքանչյուր պրոցես ունի իր առանձնահատկությունները, որոնք կապված են բազմաթիվ գործոնների հետ։ 2013-2014 թթ․ ուկրաինական Մայդանը ոչ միայն բողոք էր Վիկտոր Յանուկովիչի ավտորիտար ռեժիմի դեմ, այլև առաջին հերթին Մայդան էր, որը  պաշտպանում էր երկրի աշխարհաքաղաքական ընտրությունը՝ եվրոպական ընտրությունը, որին օրվա իշխանությունը սկզբից համաձայն էր, հետո հրաժարվեց դրանից, բայց հսկայական թվով քաղաքացիների համար այդ ընտրությունը առաջնահերթ էր, և ելույթները հօգուտ եվրոպական ընտրության վերաճեցին ավտորիտար ռեժիմի դեմ բողոքի։ Շարժման առաջին փուլում նախագահ Յանուկովիչի և իր կառավարության հրաժարական չէին պահանջում, այլ պահանջներ էին ներկայացնում եվրոպական ընտրությունը շարունակելու վերաբերյալ։ Պարզապես Յանուկովիչի արձագանքը (ռեակցիան) այդ բողոքին հետո հանգեցրեց նրան, որ ցուցարարները փոխեցին իրենց կարգախոսները, իրենց պահանջները։ Սա առաջին կարևոր հանգամանքն է։

Իսկ Հայաստանում սկսված շարժումը, բողոքի ելույթները չէին ենթադրում երկրի աշխարհաքաղաքական զարգացման ուղղության (վեկտորի) փոփոխություն և չէին էլ կարող ենթադրել՝ հաշվի առնելով այն, թե ինչ աշխարհաքաղաքական թակարդի մեջ է ընկել Հայաստանը իր անկախությունը հռչակելուց հետո՝ գլխավորապես ղարաբաղյան ճգնաժամի պատճառով։ Ուստի հարցը վերաբերում էր միայն իշխանությունը փոխելուն, և բողոքն ուղղված էր քաղաքական վերնախավի կոռումպացվածության և նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր իշխանությունը նոր՝ վարչապետի պաշտոնում պահելու փորձերի դեմ։ Բայց դա բողոք չէր ընտրությունների կեղծման դեմ։

Իսկ բելառուսական բողոքը ուղղված է առաջին հերթին նախագահական ընտրությունների կեղծման դեմ։ Այս իմաստով այն նման է 2004 թ․ ուկրաինական Մայդանին, որի հիմնական բովանդակությունը ևս կապված էր նախագահի ընտրությունների կեղծման դեմ հանրության բողոքի հետ։ Սակայն իշխանությունների ռեակցիան այդ բողոքի ցույցերին և՛ Ուկրաինայում 2004 թվականին, և՛ Բելառուսում 2020 թվականին հանգեցրին շատ ավելի լուրջ բնույթի պահանջների առաջքաշման։ Այդ պատճառով ես բոլորին ասում եմ, որ այսօրվա Բելառուսը գտնվում է 2004 թվականի ուկրաինական Մայդանում՝ մոտավորապես պրոցեսի սկզբներում։

– Անշուշտ, առանձնահատկություններն ու տարբերությունները շատ են՝ սկսած ներքաղաքական ու արտաքին քաղաքական հազար ու մի գործոններից մինչև պատմաքաղաքական ու էթնիկ-ազգային հարցեր։ Բացի այդ, Ռուսաստանի հետ յուրաքանչյուրի առանձին հարաբերությունները նույնպես շատ կարևոր դեր են խաղում նման դեպքերում, այդպես չէ՞։ Մասնավորապես՝ Բելառուս-Ռուսաստան, Ուկրաինա-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան։ Սրանք բոլորը շատ տարբեր հարաբերություններ են։

– Անշուշտ։ Տեսեք, և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցներն են։ Նրանք անդամակցում են ՀԱՊԿ-ին, անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Իսկ Ուկրաինան իր զարգացման փուլերից ոչ մեկում չի ստորագրել Ռուսաստանի հետ պարտավորեցնող որևէ փաստաթուղթ։ Այս իմաստով ուկրաինական քաղաքական ելույթները ավելի շատ ազատ տարածություն ունեն մանյովրի (խուսանավման) համար, քան ելույթները Հայաստանում և Բելառուսում, որոնք ամեն դեպքում մնում են հետխորհրդային քաղաքական համակարգի շրջանակներում, և կարելի է ասել՝ չեն հանդիսանում լիարժեքորեն անկախ պետություններ բառերի այն իմաստով, որով լիարժեքորեն անկախ պետություն է հանդիսանում Ուկրաինան։ Մեծ հաշվով՝ այս երկրները՝ թե՛ Հայաստանը և թե՛ Բելառուսը, ռուսական դոմինիոնների վիճակում են, որոնք, սակայն, ունեն միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ։ Հայաստանն ու Բելառուսը անկախ պետություն կդառնան միայն այն դեպքում, եթե լքեն ԵԱՏՄ-ն, հրաժարվեն ՀԱՊԿ-ի անդամակցությունից և ստեղծեն երաշխիքներ, որ իրենց ինքնիշխանությունը չի կլանվի Ռուսաստանի Դաշնության կողմից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել՝ և՛ Հայաստանի անկախության, և՛ Բելառուսի անկախության, և՛ Ղազախստանի անկախության մասին կարելի է խոսել միայն որոշակի աստիճանի պայմանականությամբ։ Նրանք ունեն անկախության ատրիբուտներ, բայց ոչ բովանդակություն։ Նրանք ունեն որոշակի ազատություն ներքին կյանքում, ներքին քաղաքականության մեջ, բայց չունեն գործողությունների ազատություն արտաքին քաղաքականության մեջ և տնտեսական որոշումներ կայացնելիս, ինչն, ի դեպ, ցույց տվեց Հայաստանի գոյության փորձը Փաշինյանի վարչապետության ժամանակաշրջանում։

– Մենք խոսում ենք Բելառուսի ու Հայաստանի մասին՝ որպես Ռուսաստանի դաշնակիցների, բայց հետաքրքիր է, որ չնայած այն հանգամանքին, որ Բելառուսն ու անձամբ Լուկաշենկոն էթնիկ, պատմական ու քաղաքական առումներով ավելի կապված են Ռուսաստանի հետ, քանի որ երկուսն էլ, ի վերջո, սլավոնական ժողովուրդներ են, եղբայրական ժողովուրդներ են և այլն, բայց փաստացի Լուկաշենկոն շատ ավելի բարդ ու պրոբլեմատիկ դաշնակից է եղել Մոսկվայի համար, քան Հայաստանը։

– Ես համաձայն չեմ այդ պնդման հետ։ Հայաստանն էլ է միշտ ջանացել գործել իր սեփական արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում։ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը պատրաստվել է դեռևս նախագահ Սարգսյանի վարչակազմի օրոք։

– Բայց նա, այդուհանդերձ, չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը։

– Չստորագրեց Կրեմլի ճնշման տակ։ Այդ ամենը ճնշում էր նախագահ Սերժ Սարգսյանի վրա։ Իսկ նախագահ Լուկաշենկոն ստորագրել է բոլոր փաստաթղթերը, որոնք պարտավորեցնում էին իր երկրին ավելի ու ավելի մերձենալու Ռուսաստանին։

– Բայց համաձայնեք, որ Լուկաշենկոն շատ ավելի արդյունավետորեն է պաշտպանել իր վարչակարգի և իր երկրի ինքնիշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, քան Սարգսյանը։

– Ո՛չ, չեմ համաձայնի։ Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի և նախագահ Լուկաշենկոյի համեմատության դեպքում նախագահ Սարգսյանը հաղթում է 100 – 0 հաշվով։

– Բայց դա չէ ամենակարևորն ու էականը տվյալ պարագայում։ Էականն այն է, որ Լուկաշենկոն ընդամենը մեկ տարի առաջ պաշտպանում էր Բելառուսի անկախությունը և հայտարարում, թե Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Բելառուսի ինքնիշխանության երաշխավորներն են (!)։ Իսկ հիմա կրկին թեքվել է դեպի Մոսկվա, խնդրում է Պուտինի օգնությունը ու պատրաստ է համաձայնություն տալ Բելառուսի տարածք ռուսական զորքեր մտցնելուն։

– Լսե՛ք, նախագահ Սարգսյանը գործել է հայկական քաղաքական համակարգի շրջանակներում, որում միշտ էլ եղել է քաղաքացիական հասարակություն, միշտ եղել են ընդդիմադիր կուսակցություններ, միշտ եղել է հանրային կոնսենսուս Հայաստանի անկախության և այդ անկախության արժևորման վերաբերյալ։ Իսկ նախագահ Լուկաշենկոն միշտ գոյություն է ունեցել այն համակարգում, որում չեն եղել քաղաքական կուսակցություններ, որում ոչնչացվել է ցանկացած ազգային կողմնորոշում ունեցող ընդդիմություն, որը խոսել է Բելառուսի ինքնիշխանության մասին, որում, ըստ էության, մարգինալացվել են բելառուսական լեզուն և պատմությունը և որում երկրի ողջ գոյությունը ամբողջությամբ հանգել է Ռուսաստանի կողմից տրամադրվող դոտացիաներին։ Իսկ Հայաստանում այդպես չէ։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի տնտեսությունը հիմնված չէ բացառապես Ռուսաստանի օգնության վրա։ Հայաստանը բոլոր նախագահների օրոք էլ եղել է այն պետությունը, որի ղեկավարները պաշտպանել են եթե ոչ ազգային, ապա գոնե կլանային շահերը։ Ուստի կարծում եմ, որ չի կարելի համեմատել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ղեկավարած Հայաստանը Լուկաշենկոյի Բելառուսի հետ։ Դա շատ տարօրինակ համեմատություն է։

– Ո՛չ, մենք չենք համեմատում։

– Հայաստանը իր բոլոր նախագահների օրոք եղել է պետություն, որի առաջնորդները պաշտպանել են եթե ոչ իրենց երկրի ազգային շահերը, ապա գոնե կլանային շահերը և հաշվի են առել հանրային տրամադրությունները։ Իսկ Լուկաշենկոն երբեք դա չի արել։ Նրան երբեք չեն հետաքրքրել բելառուսական հանրության տրամադրությունները և նա երբեք չի պաշտպանել բելառուսական պետության շահերը։ Իր համար Բելառուս պետությունը եղել է բացառապես գործիք, որով նա պաշտպանել է իր անձնական իշխանությունը։ Ասեմ ավելին․ կարելի է չսիրել նախագահ Քոչարյանին, կարելի է չսիրել նախագահ Սարգսյանին։ Ես ինքս նրանց երկրպագուն չեմ։

– Ես նույնպես։

– Բայց նրանք հա՛յ են։

– Այո՛, բայց թալանում էին իրենց երկիրը։

– Անշուշտ։ Բայց նրանք հայ են, հասկանո՞ւմ եք։

– Իսկ Լուկաշենկոն ի՞նչ է, ռո՞ւս է։

– Լուկաշենկոն ուղղակի բելառուս չէ։ Նա սովետական մարդ է։ Սա է գլխավոր տարբերությունը։ Ես չեմ կասկածում, որ Քոչարյանը թալանել է իր երկիրը ճիշտ այնպես, ինչպես ինչ-որ լատինամերիկյան երկրի դիկտատորն է թալանում իր երկիրը։ Բայց նա, այդուհանդերձ, մնում է վենեսուելացի կամ պերուացի։

– Անցնենք թեմայի հիմնական հարցերից մեկին՝ բելառուսական իրադարձությունների զարգացման և ներքաղաքական այդ կոնֆլիկտի հանգուցալուծման ի՞նչ սցենարներ եք տեսնում։

– Չգիտեմ, ես հիմա չեմ փորձի որևէ բան կանխատեսել։ Իրավիճակը անկանխատեսելի է։ Տեսե՛ք, Արա՛մ։ 2013 թ․ նոյեմբերի 30-ի դրությամբ մենք խոսում էինք այն մասին, որ Ուկրաինայի բողոքի ցույցերը հանդարտվել են, գնալով մարում են, բայց հետո Մայդանում ծեծեցին ուսանողներին, և սկսվեց այն, ինչ հետո տեսանք բոլորս։ Մենք չգիտենք՝ բելառուսական բողոքի ո՞ր փուլում ենք գտնվում, ի՞նչ սխալներ թույլ կտան իշխանությունները, ի՞նչ քայլեր կձեռնարկեն քաղաքացիները, ինչպե՞ս կգործի հանրությունը։ Ես դժվարանում որևէ կանխատեսում անել։

– Իսկ ի՞նչ կասեք արտաքին գործոնների մասին։ Չէ՞ որ դրանք էլ են շատ կարևոր, հատկապես՝ Մոսկվայի դիրքորոշումը։

– Այո՛, դա շատ կարևոր հանգամանք է։ Ես կարծում եմ, որ այժմ տեղի է ունենում վերջնական խզումը ռուս և բելառուս ժողովուրդների միջև։ Այնպիսի խզում, ինչպիսին եղավ ռուսների և ուկրաինացիների միջև 2014 թվականին։ Ինչ էլ որ լինի՝ դա անխուսափելի է։ Ես միանգամայն հավանական եմ համարում այն զարգացումը, որ Ռուսաստանը կձեռնարկի ինչ-որ միջոցներ Բելառուսի ինկորպորացիայի (իր կազմի մեջ ընդգրկելու), Լուկաշենկոյին աջակցություն ցույց տալու ուղղությամբ, բայց Ռուսաստանի ամեն մի քայլ միայն ու միայն կնպաստի բելառուսական քաղաքական ազգի համախմբմանն ու բելառուսական հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների արմատավորմանը։

– Խոսելով ուկրաինական, բելառուսական, հայկական հարցերի և ռուսական ազդեցության, Ռուսաստանի հետ կապերի մասին, կարծես թե, հնարավոր չէ շրջանցել էթնոքաղաքական ու պատմական հարցերն ու նրբությունները, որոնք ևս իրենց դերն են խաղում ազգային շարժումների և հեղափոխությունների ժամանակ։ Այս համատեքստում հատկանշական է, որ բելառուս ցուցարարների օգտագործած սիմվոլներն ու մասնավորապես նրանց դրոշը տարբերվում է Բելառուսի ներկայիս պետական դրոշից։

– Անշուշտ, դա Բելառուսի Ժողովրդական Հանրապետության պետական դրոշն է։ Իսկ Լուկաշենկոն կառավարել է սովետական խորհրդանշանի տակ։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանում իշխանության է գալիս նոր նախագահ, որը հրաժարվում է ձեր ներկայիս դրոշից և առաջարկում է Հայկական ԽՍՀ-ի դրոշը։ Ինչպե՞ս կվերաբերվեիք դրան։

– Բելառուսական այս շարժումն իր արմատներով կապվա՞ծ է պատմական Ռեչ Պոսպոլիտայի հետ։ 18-րդ դարի վերջին մասնատված այս պետությունը տարածվում էր գլխավորապես ժամանակակից Լեհաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Բելառուսի տարածքների վրա։ Լուկաշենկոն էլ ցույցերի բռնկումից հետո խոսում էր Բալթիկ-սևծովյան տարածաշրջանի, «սանիտարական գոտու» մասին, որն իբր իրեն ժամանակին առաջարկել են Արևմուտքից։

– Ռեչ Պոսպոլիտան քաղաքակրթական տարածություն է, որը վաղուց ավարտել է իր պատմական գոյությունը։ Սակայն այս տարածությունում ապրող ժողովուրդների կապերը ուկրաինացիների, լեհերի, բելառուսների և լիտվացիների միջև շատ ավելի բարձր են, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։

– Եթե վարչակարգը փոխվի Բելառուսում՝ այս երկիրը աշխարհաքաղաքական առումով կանջատվի՞ Ռուսաստանից՝ ինչպես արեց Ուկրաինան, թե՞ չի փոխի իր արտաքին քաղաքական կողմնորոշումը։

– Վաղ թե ուշ Բելառուսը դառնալու է եվրոպական ժողովուրդների ընտանիքի լիիրավ անդամ, և ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Բելառուսի դաշինքը բացարձակապես արհեստական դաշինք է եղել, որը ոչ մի կապ չունի Բելառուսի ազգային շահերի հետ և խարսխված է բացառապես Լուկաշենկոյի անձնական շահերի վրա։

– Ուկրաինայի և նախագահ Զելենսկու դիրքորոշումը Բելառուսի հարցի վերաբերյալ հավանաբար դրանո՞վ է պայմանավորված։

– Ես չեմ մեկնաբանի Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը։ Այդուհանդերձ, մեր ղեկավարությունը կանգնած է այն հստակ դիրքին, որ խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունը անթույլատրելի է։ Սա գլխավորն է, որ մենք այսօր ասում ենք։ Այսինքն՝ մենք ասում ենք, որ Բելառուսն իրավունք ունի ընտրելու ցանկացած ուղի, իրավունք ունի որոշելու իր ապագան, բայց ընտրությունները կեղծելն ու ցուցարարներին ծեծելը հակասում են քաղաքակիրթ պետության մասին մեր պատկերացումներին։

– Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցվածքի մասին։ Նա շնորհավորական ուղերձ հղեց Լուկաշենկոյին, ինչի համար իրեն շատ քննադատեցին թե՛ մեզ մոտ, թե՛ Բելառուսում։ Ոմանք ասում են, որ դա զուտ ձևականություն է, ոմանք ասում են՝ ստիպված էր անելու, մյուսներն էլ ասում են, թե նա դրանով դավաճանեց հեղափոխության գաղափարները։

– Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանը իր հերթական քաղաքական սխալը թույլ տվեց իր գործունեության մեջ, որը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինն է լինելու։ Նա կարող էր մի քիչ սպասել և չշտապել Լուկաշենկոյին շնորհավորելու հարցում։ Նա այն մարդն է, ով ինքն է մարդկանց հանել փողոց, ինքն է առաջնորդել բողոքի ցույցերն ընդդեմ ընտրությունների կեղծման և ավտորիտար ռեժիմի, և կարող էր մտածել այն մասին, թե ի՞նչ տող է լինելու այդ շնորհավորանքը իր ապագա քաղաքական կենսագրության մեջ։

– Բայց չէ՞ որ նա, որպես Հայաստանի ղեկավար, Մոսկվայի ու Բելառուսի հետ նույն դաշինքում է։ Գուցե ստիպվա՞ծ էր դա անելու։

– Ես ինչ-որ չեմ նկատում առանձնապես, օրինակ, նախագահ Ալիևի շնորհավորանքը նախագահ Լուկաշենկոյին։

– Շատ լավ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։

– Ես նույնպես շնորհակալ եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում