Դատապարտյալ Արտյոմ Հակոբյանին և նրա բախտակից ընկերներին հետաքրքրում է, թե ում վրա են ազդում քրեական օրենսգրքի վերջերս կատարված փոփոխությունները, և որն էր դրանց նպատակը, եթե դատարանը գոնե մեկ ամսով չէր կրճատելու իրենց պատժաչափերը:
«Ժամանակ»-ի տրամադրության տակ են դատապարտյալների դատավճիռները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ որոշումները, որոնցից և ոչ մեկով վերջնական պատժաչափը չի նվազեցվել: «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտյոմ Հակոբյանը դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան՝ 23.05.2011թ. ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ իր նկատմամբ Երևանի քրեական դատարանի 2008թ. հոկտեմբերի 28-ի դատավճիռը վերանայելու մասին: Վերոնշյալ դատավճռով Արտյոմ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (գողություն, որը կատարվել է շինություն մուտք գործելով՝ կրկին անգամ) և 34-177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (գողության փորձ) և դատապարտվել 4 տարվա ազատազրկման: ԱԺ ընդունած փոփոխությունների արդյունքում՝ այս տարվա մայիսի 25-ից ուժը կորցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածը, որը վերաբերում է հանցագործությունների կրկնակիությանը: Այսինքն՝ կրկնակիությունը, որպես հանցանքը որակյալ դարձնող հատկանիշ ՀՀ քրօրի Հատուկ մասի հոդվածներում կորցրել է ուժը՝ տեղի է ունեցել ապաքրեականացում քրեական օրենսգրքի այն հոդվածների գծով, որոնցով կրկնակիությունը որպես հատկանիշ, արարքի հանցավորությունը սահմանելու, պատիժը խստացնելու, հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնելու քրեաիրավական հետևանքներ է առաջացնում: Տվյալ դեպքում, վերոնշյալ հիմքով վերացվել է 177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը (գողությունը կրկին անգամ կատարելը): Փոփոխվել է նաև քրօրի 2-րդ մասի սանկցիան հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով»: Դատավճիռը վերանայող դատարանը Արտյոմ Հակոբյանի կատարած հանցանքը համապատասխանեցրել է նույն հոդվածի նույն մասի 3-րդ կետին, իսկ գողության փորձը՝ 4-րդ կետը վերաորակել է 1-ին մասով և 2 տարվա փոխարեն պատիժը նվազեցրել մինչև 1 տարի 6ամիս, սակայն հաշվի առնելով գողության դրվագների քանակը՝ վերջնական պատիժը թողել է նույնը:
Նույն վիճակն է դատապարտյալ Փայլակ Խանամիրյանի դեպքում: Նրան առաջադրված մի քանի մեղադրանքները՝ ավազակություն, գողություն, գողության փորձ, ավտոմեքենային տիրանալը՝ առանց հափշտակության նպատակի, գույքը դիտավորությամբ փչացնելը, որոնցով նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, քրեաիրավական որակման մասով ևս համապատասխանեցվել են քրեական օրենսգրքին, միայն մեկ մեղադրանքով է պատժաչափը 2 ամսով պակասեցվել, սակայն վերջնական պատիժը թողնվել է 10 տարի: Կրկին մի քանի հանցանքների՝ գողության, գողության և մեքենային տիրանալու փորձերի, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելու համար Դանիել Կարապետյանին վերջին անգամ դատապարտել են 7 տարի 6 ամիս ազատազրկման, փոփոխությունների հիմքով համապատասխանեցման արդյունքում, մեղադրանքներից մեկով դատավճիռը վերանայող դատարանը՝ նախագահությամբ Վ.Գրիգորյանի, կրճատել է 3 տարի, սակայն դա չի ազդել պատիժները մասնակի գումարելու միջոցով ստացված վերջնական պատժաչափի վրա: Ատոմ Կարապետյանը, ով դատապարտվել է գողության և գողության փորձի համար՝ դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով, որը նույն դատարանը կրկին թողել է նույնը:
ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը թույլատրել էր տողերիս հեղինակին հանդիպել Արտյոմ Հակոբյանին, ով հասցրել է 7 անգամ ինքնասպանության փորձ անել: Մի անգամ նույնիսկ նրան արդեն հասցրած են եղել Էրեբունու դիահերձարան, բայց, ի վերջո, նրա կյանքը հաջողվել է փրկել: «Ժամանակ»-ի հետ զրույցում երեկ նա բարձրաձայնեց իր կարգավիճակում գտնվող անձանց մտահոգությունները. «Օրենսգրքի փոփոխություններից հետո մեկ հոգի է ազատվել այստեղից («Վարդաշեն» ՔԿՀ-ից)։ Հիմա հարցը նրանում է, որ բոլորիս դատավորը մի հոգի ա նշանակված: Ստեղ գրվում ա, որ կիրառվում ա, բայց չեն կիրառում: Ուզում ենք իմանալ՝ ի՞նչն է իրենց ուզածը, որ չեն անում՝ եթե օրենքի սահմաններում ա էդ ամեն ինչը։»: Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչները հեռուստատեսությամբ մի բան են ասում, դատարաններում այլ բան անում ու ասում, որ «վերևից» է հրաման եկել: Արտյոմը, խոսելով դատապարտյալների իրավունքների ոտնահարումների մասին՝ նշեց. «Ուրեմն բոլորին հասնում է արձակուրդ, բոլորին ասած՝ որոշ մարդկանց: Դատապարտյալներին հասնում ա ամենօրյա զանգ, բայց օգտվում ենք գրաֆիկով՝ շաբաթը երկու անգամ: Հասնում ա՝ բաց ռեժիմ, հասնում ա վաղաժամկետ ազատում, «իսկ» (քաղհայց) չկա, տույժեր չկան, խրախուսանքներ, բնութագիրը՝ դրական, և մնացած պատիժը կրելու ենթակա չէ: Ստեղից նորմալ բնութագիրն ուղարկում են»:
Պայմանական հանձնաժողովո՞ւմ են այդպես անում, թե՞ այստեղ՝ հարցրի զրուցակցիս: «Ես հիմնարկի դեմ իրոք բան չեմ տենում։ Ես էսօր ունեմ հիվանդ մեր, ունեմ հիվանդ քույր՝ 92 թ.-ից հոգեբուժարանում պառկած, ունեմ երկու հոգեկան ախպեր, ունեմ կին, ունեմ երկու անչափահաս երեխա: Էդ ամեն ինչը հաշվի չառնելով, նստած եմ համարյա 3 տարի 2 ամիս, մնացել ա ինձ տասը ամիս։ Չեմ դիմանում: Էս շորերը, որ հագել եկել եմ՝ էս շորերով պետք է դուրսն ըլնեի։ Հեսա դատարանի վճիռն ինձ են ուղարկել, ինչն ա՞ պատճառը, որ չես ազատում: Գումա՞ր չեմ տալիս, դրա՞ համար, որովհետև չունեմ էդ հնարավորությունը։ Երեք անգամ պայմանականի են ներկայացրել, բնութագիրս՝ դրական, լավ բնութագրով ուղարկում են, անկախ հանձնաժողովը կտրում ա, մերժում ա»,- պատասխանեց Արտյոմը: Նամակը, որը նա փոխանցեց մեզ՝ ստորագրված էր նույն մտահոգությունն ունեցող 27 անձանց անունից, որոնց այդ հանձնաժողովը վաղաժամկետ ազատելու թույլտվություն չէր տվել: Նաև նշեց, որ եթե պայքարի այս ձևն էլ արդյունք չտա՝ դիմելու են եվրոպական կառույցներին, որ Հայաստանի այդ համակարգին փող չտան: Առաջին ատյանի դատարանի որոշումն Արտյոմը բողոքարկել է վերաքննիչ դատարան, բայց հույսեր չունի, թե կբավարարվի. «Որովհետև ես անտեր եմ՝ գումար չունեմ։ Կիսաբաց ռեժիմում եմ ես, ընտանիքիս վիճակը ներկայացրել եմ, բաց ռեժիմի պահով եմ դիմում ներկայացրել։»,- նշում է Արտյոմը ու ասում, եթե ոչ մի իրավունքից չենք օգտվելու «ցմահ տվեք՝ նստենք պրծնենք էլի կամ էլ գնդակահարություն նշանակեք»: Նա վերջին անգամ մորը մոտ մեկ ամիս առաջ է տեսել ու չի ճանաչել: Ասաց, որ ինքնասպանության վերջին փորձն արել է մոտ մեկ ամիս առաջ, քանի որ զգացել է, որ այլևս ի զորու չէ միայնակ պայքարել: Այժմ ասում է, որ մենակ չի. «Ես պետք է պայքարեմ բոլորի ազատության համար: Նախարարը էսօր հելնում ա տելեվիզրով ելույթ ա ունենում՝ «մենք չգիտենք այսօր որ դատապարտյալին ազատ արձակենք։»: Եթե հասնում ա վաղաժամկետ ազատում՝ դուք բաց թողեք։ Եթե ազատեին այդ ձևով, ուրեմն մոտ 1 տարի 2 ամիս առաջ պետք է ազատվեի: Երեք անգամ է պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողով դիմում է ներկայացվել, 3 անգամն էլ մերժվել է: «Պատճառաբանել են, որ երկրորդ դատվածությունդ ա: Բայց հիմա էլ կրկնակիությունը հո հանել են, ի՞նչը պատճառ պիտի բռնեն հիմա։ Էս դատավորը, որ խիղճ ունենար՝ գոնե մի ամիս կթափեր: Ոչ մեկիս վրից ոչ մի ամիս չթափեց ընդհանրապես։ Ես ասել եմ ու մինչև վերջ էլ պայքարելու եմ, չեմ կանգնելու, մինչև վերջին արյունս էլ քամվի, գնալու եմ առաջ, թեկուզ մենակ լինեմ, բայց էս անօրինականությունը ես պետք ա ուղղեմ»,- նշեց Արտյոմը:











































