ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը:
Փոխվարչապետը բարձր գնահատեց KfW-ի հետ ձևավորված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեց ընդլայնել այն:
Հանդիպմանը քննարկվեցին KfW-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Ա. Գևորգյանը, նշելով, որ Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է, կարևորեց Կապսի ջրամբարի կառուցման հարցը, որն այժմ բանկի հետ քննարկման փուլում է:
Ջրամբարի կառուցումը լուրջ բնապահպանական նշանակություն կունենա՝ նպաստելով Արփի լճի ջրերի ավելի արդյունավետ օգտագործմանը և ավելացնելով ոռոգելի տարածքները: Այն կարող է մասնավոր-պետական հատվածների համագործակցության արդյունավետ մոդել դառնալ:
Փոխվարչապետ նշեց, որ Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորված ջրամատակարարման համակարգերի բարելավման ոլորտում՝ մասնավորապես նկատի ունենալով KfW-ի վարկային միջոցներով «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲ, «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲ, «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների կառավարման և դրանց տիրույթում գտնվող ցանցերի արդիականացման ծրագիրը:
Փոխվարչապետը կարևորեց նաև KfW-ի հետ համայնքային զարգացման ծրագրերի բնագավառում համագործակցությունը՝ ներկայումս քննարկվող համայնքների աղբահանության կազմակերպմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև KfW-ի հետ համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կողմերը ընդունելի համարեցին Հայաստանում ՀԲ-ի հետ իրականացվող խմելու ջրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացման հնարավորության քննարկումը:
Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին համագործակցության և ծրագրերի իրականացման ընթացքում ՀՀ կառավարության աջակցության համար:










































