Թուրքիան խնդիր ունի ցույց տալ աշխարհին, որ սառեցված հարաբերությունների մեղավորը Երևանն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով երեկ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներողություն խնդրելու պահանջին:
«Էրդողանի պահանջի սրության հիմքում ընկած է այն փաստը, որ նա դա ասում էր Ադրբեջանում, իսկ այսօր, ինչպես հայտնի է Ադրբեջանում սկսվելու են թուրք-ադրբեջանական բանակցություններ։ Այդ պատճառով նրան պետք էր շատ ավելի սուր արտահայտություններ անել»,- մեկնաբանեց թուրքագետը՝ Ս. Սարգսյանի պատասխանի մեջ որևէ խնդրահարույց արտահայտություն չտեսնելով: Ուսումնասիրելով նախագահի խոսքը՝ Ա. Շաքարյանը նշեց, որ նրա խոսքում ասվում էր, որ երկրի կշիռը չի որոշվում տարածքային մեծությամբ:
«Թուրքերն այս հարցն այնպես են մեկնաբանում, թե հարցը Արարատին և Արևմտյան Հայաստանին էր վերաբերում և հայերը ապագա սերնդին քինախնդրության մթնոլորտում են մեծացնում»,- մեկնաբանեց Ա.Շաքարյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան խնդիր ունի ցույց տալու ամբողջ աշխարհին, որ սառեցված հարաբերությունների մեղավորը Երևանն է, ոչ թե Անկարան:
Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսում ներկայացված բանաձևին, որը թուրքերին կոչ է անում քրիստոնեական հողերը վերադարձնել պատմական տերերին՝ բանախոսը հույս հայտնեց, որ այս բանաձևը կհաստատվի ավելի բարձր ատյաններում:








































