Հունաստանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը Թուրքիայի հետ կոնֆլիկտում՝ կապված Միջերկրական ծովի արևելքում գտնվող էներգետիկ ռեսուրսների հետ: Հունաստանը պատրաստ է նաև երկխոսության, բայց ոչ Անկարայի կողմից հնչող սպառնալիքների պայմաններում: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը: Դիվանագետը ընդգծել է, որ թուրքական կողմը շարունակում է սադրանքները և միջազգային իրավունքի խախտումները, և այս իրավիճակը վերաբերում է ոչ միայն ՆԱՏՕ-ի այս երկու երկրներին, այլև ողջ Եվրամիությանը, որին անդամակցում է Հունաստանը։
Նրա գերմանացի գործընկերը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նրա խոսքերով՝ ցանկացած «փոքր կայծ երկու երկրների հարաբերություններում կարող է աղետի հանգեցնել»: Նա նշել է, որ մտադիր է բանակցություններ սկսել թուրքական կողմի հետ: Գերմանիայի նպատակը կոնֆլիկտի դեէսկալացիան է:
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Հունաստանի տարածքային ջրերում թուրքական սուզանավ է հայտնաբերվել: Դրանից երկու օր առաջ Ֆրանսիան ռազմական տեխնիկա էր տեղակայել Միջերկրական ծովում ՝ հունական կողմին աջակցելու համար: