Նյու Յորքի Թայմս-Սքվեր հրապարակում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կիրակի օրը, օգոստոսի 23-ին, Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում կրակ է բացել աֆրոամերիկացի 29-ամյա Ջեյքոբ Բլեյքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է NBC News-ը:
Քաղաքի ոստիկանության բաժանմունքի սպան բերման ենթարկելիս մի քանի անգամ կրակել է անզեն սևամորթ տղամարդու մեջքին, երբ նա փորձել է ավտոմեքենա նստել: Բլեյքին տեղափոխել են Միլուոկիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը կայուն ծանր է: Զանգվածային անկարգություններ են սկսվել նաև Քենոշայում:
Ավելի վաղ, մայիսի 25-ին, Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության կողմից սպանվել էր 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Նրա սպանությունը ռասիզմի և ոստիկանության դաժանության դեմ բազմահազարանոց ցույցերի առիթ դարձավ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում:








































