Երկու տարի առաջ՝ այս օրերին, հեղափոխական կառավարության պաշտոնավարման 100 օրվա առթիվ Հանրապետության հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում վարչապետը հանդես եկավ ծրագրային, հայեցակարգային ծավալուն ելույթով, ներկայացրեց այն անելիքները, որոնք որպես հանրային պահանջ, պետք է իրագործվեին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի և վերլուծաբան Գոռ Մադոյանի հետ:
Վարչապետն իր ելույթում խոստանում էր Մարտի 1-ի բացահայտում, կազմակերպիչների և իրականացնողների ամենախիստ պատիժ, օլիգարխիայի և մենաշնորհների վերացում, պետությունից թալանված միջոցների կոպեկ առ կոպեկ վերադարձ և այլն:
Գոռ Մադոյանի խոսքով՝ շատ արագ վերացվեցին մենաշնորհները: «Թալանվածի վերադարձ կա, բայց իրավական գործընթացների հետաձգման պատճառով այն տեմպերով տեղի չի ունենում, ինչպիսի սպասելիքներ կային հեղափոխության ժամանակ: Տարբեր խոստումներ իրականանում են դանդաղ, օրինակ՝ դատաիրավական համակարգի փոփոխություններ, սահմանադրական փոփոխություններ և այլն»,- նշեց վերլուծաբանը:
Արդյո՞ք ապրում ենք նոր Հայաստանում: Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ վարչապետի՝ թե՛ օգոստոսի 17-ի հայտնի հայեցակարգային ելույթը, թե՛ կառավարության ծրագիրը և թե՛ «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը եղել են հնգամյա ծրագրեր: «Հաճախ քաղաքացիներն ասում են՝ այսինչ խոստումը չի կատարվել՝ մոռանալով, որ խոստումները կատարելու համար տարիներ են պետք, դրանք մեկ օրում կատարվող փոփոխություններ չեն: Ինչ ունենք այսօր. դատաիրավական ոլորտում այսօր ունենք «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք, որն առաջիկայում կսկսվի կիրառվել իրական պրակտիկայում. թալանվածը պետք է վերադարձվի… Հինգ տարի հետո հստակ կարող ենք արձանագրել, որ ունենք նոր Հայաստան»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:







































