«Բելառուսում բուն ընտրական պրոցեսը և հետընտրական զարգացումները անսպասելի սցենարով զարգացան»,-«Առաջին լրատվական»-ի «Մամուլ սուրճի հետ» հաղորդման շրջանակներում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ով ԱՊՀ դիտորդական առաքելության շրջանակներում քվեարկության օրը Բելառուսում էր։
Պատգամավորի խոսքով Բելառուսում իրավիճակի սրմանը նպաստեց ոստիկանության կողմից բիրտ, անհամաչափ ուժի կիրառումը.«Բայց պատկերի ամբողջական դառնալու համար պետք է իմանալ, թե արդյոք եղել են սադրանքներ ցուցարարների կողմից, և արդյոք եղել են հրամաններ, հրահանգներ դրսից՝ ինչպես նշում է Լուկաշենկոն։ Այնուամենայնիվ ոստիկանության կողմից կիրառված բիրտ ուժը հանգեցրեց ցուցարարների կրիտիկական զանգվածների ավելացմանը։ Եվ փողոց դուրս եկան մարդիկ, ովքեր ավելի պրոիշխանական էին հանուն երկրի կայունության»,-ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծմանը, ապա Սանդիկովի խոսքով Բելառուսում գործ ունենք մի երևույթի հետ, որ ժողովուրդն ընդդեմ իշխանության է դուրս գալիս, բայց ոչ հանուն որևէ գործչի և այդ անորոշությունը մտածելու տեղիք է տալիս.«Հարց է առաջանում՝ արդյո՞ք արժի, որ Լուկաշենկոն խաղաղ ճանապարհով հեռանա, քանի որ այլընտրանքի բացակայությունը անպայման հանգեցնելու է քաոսային իրավիճակի, ստեղծելու է վակուում, որը հանգեցնելու է և արտաքին, և ներքին ուժերի ակտիվացման»,-ասաց Սանդիկովը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում







































