ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո BBC HARDtalk հաղորդաշարի վարող Սթիվեն Սաքուրը հարցազրույցի մարտահրավեր է նետել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սաքուրը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցի արձագանքն արտառոց էր` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի: Եվ, ի՞նչ կասեք, Իլհամ Ալիև (նա Ադրբեջանի նախագահին նշելու համար օգտագործել է @presidentaz թեգը-խմբ.) կամ որևէ այլ նախարար Բաքվում»,- գրել է Սաքուրը:
BBC HARDtalk հաղորդաշարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը հրապարակել է օգոստոսի 14-ին:
Փաշինյանը հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Տավուշում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, Ռուսաստանի, Եվրոպական Միության, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին և մի շարք այլ` ներքաղաքական ու տնտեսական հարցերի:












































