Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը քննադատության է ենթարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով Ծաղկաձորում աշակերտներից մեկի հարցին պատասխանել է, թե «Ղարաբաղը մենք վերցրեցինք, իսկ Արարատ լեռան վերցնելը թողնում ենք Ձեզ»։
Այս կապակցությամբ Էրդողանը նշել է. «Սարգսյանի ասածը հարիր չէ պետական գործչին ու նախագահին։ Պետական գործիչը չպետք է ատելություն ու թշնամություն սերմանի հաջորդ սերնդի մոտ։ Սարգսյանը հայ երիտասարդությանը «դրդում» է սադրանքի։ Հայ երիտասարդության ապագան «մռայլ կլինի», նա «մշտապես» իրադարձություններին կնայի սև ակնոցի միջոցով։ Նրանք պետք է պարտադիր իմանան այս մասին։
Սարգսյանը «մեծ սխալ» է գործել, նրան անհրաժեշտ է ուղղել իր սխալը, ներողություն խնդրել»։
Էրդողանը նաև անդրադարձել է Ղարաբաղի խնդրին. «Ներկայումս Ղարաբաղն «օկուպացված» է, դա ասում ենք ոչ միայն մենք, այլև՝ ՄԱԿ-ը։ Այս հարցը պետք է լուծում ստանա։ Ցայժմ հայկական կողմը «բացասական դիրքորոշում» է որդեգրել դրա նկատմամբ, մինչդեռ Ադրբեջանը «մշտապես դրական» մոտեցում է ցուցաբերել»։
Ալիևն իր հերթին նշել է, որ Սարգսյանից այլ բան չէր էլ սպասում. «Ես բազմիցս հանդիպել եմ նրա հետ և ծանոթ եմ նրա մտածելակերպին։ Ըստ էության, դա «ցուցադրում» է Հայաստանի ագրեսիվ էությունը։ Հայաստանը կարծում է, թե լուծել է Ղարաբաղի խնդիրը, սակայն նա «սխալվում» է։ Լեռնային Ղարաբաղը դա «ադրբեջանական տարածք» է և «կմնա» ադրբեջանական տարածք։ Կգա ժամանակը, երբ Ադրբեջանը խաղաղ կամ ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղում «կվերականգնի» իր ինքնիշխանությունը»։
Ալիևը նաև հայտնել է, որ իրենք դեռ պատրաստ չեն Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմի վերացմանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում պատասխանել է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Ստորև ներկայացնում ենք խնդրո առարկա հարցուպատասխանը` առանց մեկնաբանության:
Հարց – Արարատի մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցից Գրիգոր Համբարձումյանն եմ: Մեծարգո՛ Նախագահ, Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն պետություններից մեկը և ժամանակի ընթացքում եղել է նաև աշխարհի հզորագույն պետություններից մեկը` Տիգրան Մեծի ժամանակ: Սակայն, նույնը չենք կարող ասել Հայաստանի ներկա վիճակի մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է` մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ:
Ս. Սարգսյան – Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք:









































