Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով տպագիր մամուլի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքին և մասնավորապես այն հանգամանքին, որ հաճախ վերջիններս դատի են տալիս ընդդիմադիր թերթերին, ասաց, որ իրականում հայաստանյան տպագիր մամուլը, ցավոք, մեծ գլխացավանք չէ իշխանությունների համար: Նրա խոսքով, պատճառը փոքր տպաքանակն է, ցածր գնողունակությունը, թերթ կարդալու ավանդույթի բացակայությունը:
«Բայց պետք է նկատի ունենալ այն, որ այս փոքրաքանակ տպագիր մամուլն է, որ փրկում է Հայաստանի ժողովրդավարական մնացորդները»,- նշեց Ն. Մկրտչյանը` հավելելով, որ իշխանությունները, որոնք կարող են վերահսկել էլեկտրոնային ԶԼՄ-ները, դժվարություններ ունեն տպագիր մամուլի հետ կապված: Հենց տպագիր մամուլում է, ըստ մեր զրուցակցի, ներկայացված ազատ կարծիքը, այլընտրանքային տեղեկատվությունը:
«Հայաստանի իշխանությունները չեն կարող հանգիստ վերաբերվել ազատ խոսքի դրսևորումներին և նրանց ժամանակ առ ժամանակ հանդես եկեղ ջղաձգումները պայմանավորված են հենց այն հանգամանքով, որ անհանգստացած են ոչ միայն ու ոչ այնքան ընդդիմադիր ուժերի գործունեությունից, որքան ազատ ու չվերահսկվող մամուլից»,- նշեց Մամուլի ազգային ակումբի նախագահը` հավելելով, թե չսիրելով հանդերձ այդ մամուլը՝ քաղաքակիրթ իշխանությունը պետք է առնվազն չվնասի նրա գործունեությանը, քանի որ դա է ժողովրդավարություն տանող ամենավստահելի ճանապարհը:











































