«Իվերիա» վրացական բարեգործական համայնքի ղեկավար Սվետլանա Նամչևաձեն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վրաց ուղղափառ եկեղեցուն Հայաստանում իրավական կարգավիճակ տրվելու հետ կապված հարցին, ասաց, որ իրենք ուզում են Հայաստանում ունենալ վրաց եկեղեցի:
Նրա խոսքով՝ Հայաստանում բնակվող վրացիները նամակով գրավոր երկու անգամ դիմել են Հայաստանի ու Վրաստանի կաթողիկոսներին, սակայն պատասխան չեն ստացել: «Գարեգին կաթողիկոսին գրավոր չենք դիմել, բանավոր ենք ցանկություն հայտնել»,- նշեց Ս.Նամչևաձեն՝ տեղեկացնելով, որ երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպմանը քննարկվել է այստեղ վրացական եկեղեցի կառուցելու հարցը, թեև նշեց, որ Լոռու մարզում կան Թամար թագուհու ժամանակ կառուցված եկեղեցիներ, որոնց պատկանելությունը ևս պետք է ճշտվի:
«Պաշտոնական տվյալով՝ Հայաստանում ապրող ազգությամբ վրացիների թիվը 600 է: Բացի այդ՝ կան նաև այնպիսիները, որ ամուսնությունից հետո փոխել են իրենց ազգանունը, կան նաև խառն ամուսնություններից ծնվածներ»,- ասաց Ս. Նամչևաձեն:
Վրաց ուղղափառները կարող են միայն Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում կիրակի օրերին ռուսերենով մատուցվող պատարագ ունկնդրել:









































