Թունիսի նախագահի պաշտոնակատար Ֆուադ Մեբազան երկարացրել է արտակարգ ռեժիմի դրությունն անորոշ ժամանակահատվածով: Այս մասին հրամանագիրը նա ստորագրել է հուլիսի 26-ին: Արտակարգ դրության ժամկետի երկարացումը ենթադրում է զանգվածային հավաքների արգելք և ոստիկանությանը հնարավորություն է տալիս կրակ բացել հրամանագիրը խախտողների վրա: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Արտակարգ դրության ռեժիմը մտցվել է հունվարի 14-ին գործող նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալիի հրաժարականից հետո, երբ նա ստիպված է եղել լքել երկրի տարածքը և հաստատվել Սաուդյան Արաբիայում: Չնայած ցուցարարների հիմնական պահանջին՝ ռեժիմի պարագլխի հրաժարականին, քաղաքական իրավիճակը երկրում չի կարգավորվում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թունիսում շարունակվել են բախումները, որի ժամանակ ցուցարարները պահանջել են բարեփոխումների արագ իրականացում:









































