Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 22-ին ներկայացրեց դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցանկը։ Թեկնածուներից մեկը Աշխեն Ղարսլյանն է, որը առաջադրված է 2 հանձնաժողովներում։ Գնահատման հանձնաժողովում Ղարսլյանի թեկնածությունը առաջադրել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովում Աշխեն Ղարսլյանը ինքնաառաջադրվել է։
iravaban.net-ը նախօրեին գրել էր՝ չնայած թեկնածուի առաջադրումը ֆորմալ առումով չի խախտում օրենսդրությունը, սակայն այստեղ առկա է ակնհայտ շահերի բախում։ Ինչպե՞ս հանձնաժողովի ոչ դատավոր անդամը կարող է անկախ ու չկաշկանդված գնահատական տալ, երբ վերջինս 2019 թվականից առ այսօր աշխատում է որպես Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար, իսկ մինչ այդ` 2014-2019թթ., եղել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը։ «Այսինքն՝ փաստացի սերտ կապեր և փոխկապակցվածություն ունի դատական համակարգի հետ, և հարցականի տակ է դրվում նրա անաչառությունը դատավորների գնահատման և ուսումնական հարցերի գործընթացում։ Բացի դրանից՝ հանձնաժողովների կազմում արդեն իսկ իրավունք ունեն լինելու «դատավորների շահերը ներկայացնողներ», 3 և 5 դատավորներ, որոնք ընդգրկվելու են համապատասխանաբար դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում»,- գրել էր լրատվամիջոցը։
2020թ. մայիսի 2-ից ուժի մեջ մտած փոփոխությունների ծավալուն փաթեթով նախատեսվում է, որ դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից թեկնածուի համաձայնությամբ առաջադրվելու, իսկ դատավոր չհանդիսացող անդամները՝ նաև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով:
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի խոսքով (նա նաև այս օրենսդրական փոփոխությունների գաղափարի կրողն է եղել)՝ որպեսզի հանրությունը վստահի դատական իշխանությանը, այն պետք է ներգրավված լինի դատական իշխանության որոշ գործառույթներում, հարստացնի և իր խորհուրդներով կատարելագործի դատական գործունեության տարբեր տիրույթներ։ Հանրային հաշվետվողականության գործնական ապահովման համար հանրությունը պետք է ունենա իր «աչքը» դատական իշխանության ներսում։
«Այս փիլիսոփայությամբ են ներծծված եվրոպական առաջատար դատական համակարգերը։ Ես այս փորձը փոխառեցի Նիդեռլանդներում և կիսվեցի դրանով արդարադատության նախարարության մեր գործընկերների հետ։ Վերջիններս տեղայնացրին այն ու դարձրին օրենք։ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում, ինչպես էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում, պետք էր ապահովել հանրային ներկայացվածություն։ Ընդ որում, դա, ըստ մեր մտահղացման, պետք էր անել քաղաքացիական հասարակության և հանրային սեկտորի ուղղակի և ակտիվ ներգրավվածությամբ։ Փորձը, սակայն, ցույց տվեց երկու բան։ Առաջին՝ հանրային սեկտորը խանդավառությամբ չընդունեց այս կարևորագույն փոփոխությունը, այն է՝ իր ներկայացվածության ապահովումը դատական կարևորագույն հանձնաժողովներում։ Եվ երկրորդ՝ մեր դատավորները, հուսով եմ՝ առանց դիտավորության, յուրովի մեկնաբանեցին իմ նշած հոդվածը, ու իրենք որոշեցին ներկայացնել թեկնածություններ այնտեղ, որտեղ դա հատկացված էր հանրային սեկտորին»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Իհարկե, դատավորները կարող են ասել, որ ձևական առումով իրենք պահել են «օրենքի տառը», և յուրովի մեկնաբանելով հոդվածի շարադրանքը՝ գուցեև նրանք ճիշտ են։ Սակայն կարևորը օրենքի ոգին է, դրա նպատակը, իսկ նպատակն էր և է ապահովել հանրային սեկտորի ակտիվ և ուղղակի ներգրավվածություն վերոհիշյալ հանձնաժողովներում։ Այդ մասին, կարծեմ, նշված է նաև Դատական օրենսգրքի փոփոխությունների հիմնավորման մեջ»։
ԲԴԽ անդամը հույս հայտնեց, որ ապագայում մեր դատավորներն ավելի ու ավելի շատ կմիտվեն օրենքի ոգին ու նպատակները բացահայտելուն և օրենքները կմեկնաբանեն հենց այդ ամենը հաշվի առնելով։ «Ցավոք, հայկական իրավական դպրոցը զարգացրել է օրենքի տառացի մեկնաբանման ունակությունը, արդյունքում թերի է մնացել օրենքի նպատակն ու փիլիսոփայությունը բացահայտելու, մեկնաբանելու և կիրառելու հմտությունների զարգացումը։ Սա ասելով ես որևէ մեկին կոնկրետ նկատի չունեմ, սա ընդհանուր իրողություն է։ Իսկ ապակառուցողական քննադատություններին տեղիք չտալու նպատակով նշեմ, որ դիտարկումս առաջին հերթին հենց ինձ է վերաբերում (ծիծաղում է)»։
Ըստ Հովհաննիսյանի՝ օրենսդրի կամքը եղել է այն, որ քաղաքացիական հասարակությունն առաջադրի թեկնածուներին, այլ ոչ դատավորները, որպեսզի նվազագույնի հասցվեն շահերի հնարավոր բախումներն ու դատական կորպորատիզմը։ «Մյուս կողմից՝ թեև սուբյեկտիվ առումով կոնկրետ թեկնածուի և նրան առաջադրած Վճռաբեկ դատարանի հարգարժան նախագահի անկողմնակալության վրա չի կարելի կասկածել, օբյեկտիվ անկողմնակալության և դրա հանրային ընկալման տեսանկյունից, իհարկե, միշտ էլ նախընտրելի է, որպեսզի այդպիսի առաջադրումներում դատավորները զերծ մնան՝ անկողմնակալության բարձր նշաձող սահմանելու նպատակով»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ԲԴԽ-ն հատուկ կարգ ունի ընդունած, թե ինչպես պետք է ՀԿ-ների կողմից Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում առաջադրվեն և ընտրվեն դատավոր չհանդիսացող անձինք։ Իսկ Դատական օրենսգրքի համաձայն` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում անդամներ առաջադրելու գործընթացի վրա ՀԿ-ների մասնակցության վրա տարածվում է նաև ԲԴԽ ընդունած վերոհիշյալ կարգը։
«Այսինքն՝ ամեն ինչ հուշում է, որ օրենքի փոփոխություններն այս մասով ունեցել են մեկ հստակ նպատակ՝ ապահովել հանրային մասնակցություն դատավորների հանձնաժողովներում, ընդ որում՝ ոչ թե դատավորների, այլ ՀԿ-ների կողմից առաջադրվող ոչ դատավոր թեկնածուների միջոցով»,- եզրափակեց Հայկ Հովհաննիսյանը։







































