Մեղադրանքի մեջ նշված է, որ ՍԴ անդամների նկատմամբ կիրառվել է ճնշում, բայց հստակեցված չէ, թե որ դատավորների։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը՝ արձագանքելով պաշտպանական կողմի ներկայացրած դատակոչի ցուցակը լրացնելու մասին միջնորդության վերաբերյալ մեղադրող կողմի դիրքորոշմանը։
«Այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը՝ առանց մանրամասնելու, թե ՍԴ կոնկրետ որ դատավորի նկատմամբ է ճնշում գործադրվել և ինչում է արտահայտվել այդ ճնշումը։ Հետևաբար, ըստ մեղադրանքի, կարելի է ենթադրել, որ խոսքն այդ ժամանակվա ՍԴ ցանկացած անդամի վերաբերյալ կարող է լինել։ Վերացական գրած է։ Այս տեսակի մեղադրանքը դատարանը նույնիսկ չպետք է դատական քննության ներկայացներ։ Այս տեսակի անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել», – հայտարարեց Ալումյանը։












































