ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել, քանի որ երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կդառնա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գլխավոր քարտուղարը խոր մտահոգությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումը սկսվել է հուլիսի 12-ին՝ հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ–Թովուզ հատվածում:
Երևանը մեղադրել է Բաքվին սահմանային տարածքում հենակետը գրավելու փորձի մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Երկուստեք կան զոհեր:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների: Թուրքիան, իր հերթին, բացահայտորեն աջակցել է Բաքվին՝ Հայաստանին մեղադրելով հակամարտության սրման մեջ:








































