ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ըստ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, պատժամիջոցները մտցվում են «Չեչնիայում մարդու իրավունքների լուրջ խախտումների» պատճառով, որոնցում մեղադրում են հանրապետության առաջնորդին:
«Պետդեպարտամենտը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Կադիրովը պատասխանատու է մարդու իրավունքների բազմաթիվ լուրջ խախտումների համար, որոնք կատարվել են ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, ներառյալ խոշտանգումներն ու արտադատարանական հաշվեհարդարները»,- ասվում է հայտարարության մեջ:
Պոմպեոն նշել է, որ պետդեպարտամենտն անհանգստացած է այն փաստով, որ ներկայումս Կադիրովը «կորոնավիրուսի համավարակի քողի տակ շարունակում է խախտել մարդու իրավունքները»:
ԱՄՆ-ի պատժամիջոցներ սահմանելու որոշումը նպատակ ունի «պարոն Կադիրովին ցույց տալ, որ նրա ներգրավվածությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին հետևանքներ կունենան ինչպես իր, այնպես էլ նրա ընտանիքի համար, և որ Միացյալ Նահանգները մտադիր է օգտագործել բոլոր առկա գործիքները, որպեսզի ներգրավված յուրաքանչուր անձի համար գա պատասխանատվության պահը»:









































