ՌԴ-ն և Թուրքիան սիրիական Իդլիբում համատեղ գործողություն են իրականացնում անօրինական զինված խմբավորումների դեմ, որոնք փորձում են ձախողել խաղաղ կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնում, հուլիսի 14-ին Իդլիբի M-4 ուղեգծի ռուս-թուրքական համատեղ 20-րդ պարեկության անցկացման ժամանակ ավտոշարասյան ընթանալու ճանապարհին տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում: Ռուսաստանցի երեք զինծառայողներ թեթև վիրավորում են ստացել, հաղորդվել է նաև թուրքական զրահապատ ավտոմեքենայի անձնակազմի շրջանում վիրավորների մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ միջադեպի ընթացքում զոհեր չեն եղել։
«Իդլիբում մեր համատեղ (ՌԴ-ի հետ) պարեկությունների թիվը արդեն հասել է 20-ի: Իրականացվում է հակամարտության կարգավորման գործընթաց, բայց գոյություն ունեն անօրինական ուժեր, որոնք այդ գործընթացն ուշացնում են և դրա համար խնդիրներ ստեղծում: Իհարկե, մենք ռուսաստանցի գործընկերների հետ միասին ջանում ենք խանգարել դրան»,- ասել է Էրդողանը լրագրողներին։






































