Ռմբակոծությունների հիմնական թիրախն են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նրա փոխանցմամբ՝ առավոտվա ամբողջ ընթացքում բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ. «Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով՝ մեր քաղաքացիական բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա, մասնավորապես պատսպարման առումով։ Մեր քաղաքացիները հիմնականում այդ ընթացքում գտնվել են ապաստարաններում և նկուղներով։ Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,-ասաց Հայկ Չոբանյանը։










































