Դուդուկահար Ջիվան Գասպարյանը այսօր անդրադարձավ Այգեստան 7 և Ալեք Մանուկյան 15 շենքի բնակիչների՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, որ իբր դուդուկահարի պատճառով երեխաներին հատկացվող բակը փողոց է դառնալու:
Ջիվան Գասպարյանի խոսքերով՝ սա մի քանի ընտանիքների կողմից սարքովի գործ է. «Ես 1956 թվականից եկել եմ այս շենք, երկու սենյականոց բնակարան տվեցին և մի մեծ գարաժի տեղ։ Ավելի ուշ խնդրեցի, որ թույլ տան սեփականաշնորհել գարաժի տեղը: Սկզբում դպրոց էի որոշել կառուցել, բայց հետո մտածեցի, որ դպրոցի համար հարմար չէ, բնակարան կառուցեցի»: Ջիվան Գասպարյանը լրագրողներին հիշեցրեց, թե ով է ինքը. «Ես ժողովրդական արտիստ եմ Հայաստանի և Կանադայի, 21 միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակակիր, մեծացել եմ առանց ծնողների, 65 տարի ներկայացրել եմ ազգ և ժողովուրդ»։
Նա ասաց, որ ինքը ոչ թաղապետ է, ոչ քաղաքապետ, ոչ պաշտոնյա, որ փողոց բացի կամ փակի: Նաև պատմեց, որ երկու ամիս առաջ թաղապետարանից մարդ է եկել իրենց շենք, և ինքը շենքի բնակիչների անունից ասել է, որ իրենց հարակից տարածքը բարեկարգեն, որովհետև մեքենաների կայանման համար տեղ չկա, առհասարակ, շատ անհարմար վիճակ է: «Ես ժողովրդի խնդրանքն եմ հաղորդել։ Եթե դուք սա հանցանք եք համարում՝ ներողություն եմ խնդրում»:
Ջիվան Գասպարյանն ասաց, որ այս երեք օրերի ընթացքում այնքան է զզվել, որ քիչ է մնում՝ թողնի գնա երկրից, ապա ավելացրեց, որ ինքն ամաչում է, երբ խոսում են իր տան մասին, որը ընդամենը չորս սենյականոց է։ «Եթե կարծում եք, որ ես արժանի չեմ, կարող եմ հետ տալ. ոնց որ մի փիղ եմ բերել, առյուծ եմ բերել, սովորական տուն է, մի՞թե իմ նման երաժիշտը իրավունք չունի տուն սարքելու: Մեր ազգը շատ նախանձ է, ես դա գիտեմ, վատատես է, և դրա համար շատ եմ ափսոսում, հազար ափսոս»,- ասաց դուդուկահարը: Դուդուկահարը երդվեց իր պատվով, որ Սերժ Սարգսյանի հետ ինքը այդ հարցով չի հանդիպել և չի խոսել: «Պրեզիդենտը խաղալիք ա՞, որ ես նրան զանգեմ նման հարցով»,- եզրափակեց Ջիվան Գասպարյանը:







































