Նորվեգիայի ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկու ահաբեկչությունների զոհերի թիվը կազմում է 76՝ նախկինում հայտարարված 93-ի փոխարեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ոստիկանությունում այս քայլը բացատրել են Ուտեյա կղզուց սխալ տեղեկությունների ստացմամբ, որտեղ խառնաշփոթի և աշխատանքի սխալ կազմակերպման պատճառով դժվար էր հստակ ինֆորմացիա ստանալ: Հենց այս կղզում է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ավելի քան մեկ ժամվա ընթացքում գնդակահարել երիտասարդական ճամբարի մասնակիցներին:
Երեկ Նորվեգիայի փողոցներ են դուրս եկել 100 հազարավոր մարդիկ՝ ի նշան բողոքի կազմակերպելով երթ: Իսկ մինչ այդ տեղի է ունեցել Բրեյվիկի գործով առաջին դատական նիստը, որը եղել փակ դռների հետևում: Նորվեգական օրենքներով՝ առավելագույն պատժամիջոց է համարվում 21 տարին՝ անկախ հանցագործության ծանրությունից: Սակայն, ըստ օրենքի մասնագետների, դժվար թե Բրեյվիկը երբևէ դուրս գա բանտից, քանի որ ըստ նույն օրենքի՝ եթե 21 տարի անց դատարանը համարի, որ Բրեյվիկը շարունակում է վտանգավոր մնալ հասարակության համար, նրան չեն ազատի և ողջ կյանքի ընթացքում կպահեն բանտում:









































