Երեկ Բաքու կատարած այցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:
Երկրների ռազմական համագործակցության այլ հարցերից բացի, կողմերը քննարկել են նաև Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության երկարաձգման խնդիրը: 2002թ. Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնությամբ Գաբալան ղեկավարվում է Ռուսաստանի կողմից մինչև 2012թ.՝ տարեկան 7 միլոն դոլար վարձավճարի դիմաց: Սակայն այժմ Ադրբեջանը մտադիր է ավելի շատ վճար պահանջել կայանի օգտագործման դիմաց:
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը կառուցվել է սովետական իշխանության կողմից 1985թ.-ին: Կայանը ծածկում է մոտ 6000 կմ տարածություն:
Ռադիոլոկացիոն կայանը գործում է Իրանում, Իրաքում, Թուրքիայում և ամբողջ Միջին Արևելքում:
Այժմ ԱՄՆ-ը փորձում է համաձայնության գալ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ և համատեղ շահագործել կայանը: Այս մտադրության մասին Ադրբեջանում հայտնել է նաև ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգը: Մոսկվայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը քննարկել են կայանի հարցում համագործակցության հնարավորությունները: