Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը։ Վերջինս նախկինում Ստեփանակերտ քաղաքի դատախազն էր։ Մհեր Աղաջանյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ։ Արդեն իսկ կայացել է հանդիպում «Արդարություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների հետ։
Աղաջանյանը ներկայացրել է դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իր ծրագրերն ու առաջիկա քայլերը: Կարևորվել է խորհրդարանի հետ փոխգործակցությունը ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ խնդիրների վերհանման առումով: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ գլխավոր դատախազի թեկնածուն անդրադարձել է համակարգի աշխատանքների կարգավորման ուղղություններին և առկա հնարավորություններին:
Ի դեպ, կարծիքներ կան, որ հենց նմանատիպ նշանակումների համար է Արայիկ Հարությունյանը համագործակցության գնացել Սամվել Բաբայանի հետ։ Խորհրդարանում Հարությունյանի ղեկավարած դաշինքի ձայները բավարար չեն միանձնյա որոշումներ կայացնելու համար։ Թեպետ Արայիկ Հարությունյանի կադրային քաղաքականությունից դժգոհ են անգամ նրա համակիրները, նախընտրական շրջանում իր աջակիցները, այդուհանդերձ «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուն, նրանց կարծիքով, եղած կադրային նշանակումներից ամենահաջողն է։ Վերջինիս հայրը՝ Ռոլես Աղաջանյանը, «Կռունկ» կոմիտեի, «Միացում» կազմակերպության քաղաքական խորհրդի անդամ է եղել։
Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ գուցե Աղաջանյանը դրական անձնավորություն է, բայց որևէ բարձրաստիճան պաշտոնյայի մասին դրական բան ասելը կամ դրական ակնկալիքներ ունենալը բարդ է։ Ըստ Գրիգորյանի՝ վերջին տասնամյակի ընթացքում Արցախում դատախազությունը զբաղված է եղել տարբեր հանցագործությունների անտեսմամբ, անգործությամբ, մի շարք աղմկահարույց հանցագործությունների հետ կապված որևէ քայլ դատախազությունը չի ձեռնարկել. «Մի խոսքով՝ կարելի է ասել, որ նոր դատախազը նախկիններից որևէ կերպ չի տարբերվում, ու ես չեմ կարծում, թե լուրջ փոփոխություններ լինեն»։
Ինչ վերաբերում է վերը նշված դիտարկումներին, թե Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի հետ համագործակցության է գնացել հենց նմանատիպ նշանակումների համար, քանի որ խորհրդարանում միայն «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ձայները չէին բավարարում, Տիգրան Գրիգորյանը նշեց. «Չեմ կարծում, թե դա է Սամվել Բաբայանի հետ համագործակցության պատճառը։ Եթե այդ դաշինքը չլիներ, Արայիկ Հարությունյանը կհամագործակցեր Դաշնակցության կամ ԱԺԿ-ի հետ. Արայիկ Հարությունյանին խորհրդարանում մեծամասնության համար ընդամենը մեկ մանդատ է պակասում, և ցանկության դեպքում հարցը կլուծվեր այլ կերպ»։
Սամվել Բաբայանի հետ համագործակցության հիմնական նպատակը, ըստ մեր զրուցակցի, երկրում քաղաքական կայունության պահպանումն է: «Եվ այդ հարցում Արայիկ Հարությունյանը վտանգը տեսնում էր Սամվել Բաբայանից։ Նա միակ գործիչն էր, որ փողոցային պայքարի միջոցով կարող էր դուրս գալ Հարությունյանի դեմ։ Այժմ այդ վտանգը չեզոքացված է»,- եզրափակեց նա։










































