Հայաստանի քաղաքական օրակարգում այս օրերին համավարակին զուգընթաց ամենաշատը քննարկվում են ուժային կառույցներում իրականացված փոփոխությունները: Տարածված է այն կարծիքը, որ քաղաքական մեծամասնությունն այս քայլերով դնում է արմատական փոփոխության պահանջ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Ռոբերտ Ղևոնդյանը, վերլուծաբան Արեգ Քոչինյանը և «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ուժային կառույցներում փոփոխություններ իրականացնելու քայլերը հավանաբար մշակվել են ավելի շուտ. «Ուժային բլոկի տրանսֆորմացիան երկարատև պրոցես է, կարծում եմ վերջին փոփոխությունները չեն այդ բլոկում, դեռևս կան խորքային հակասություններ, որոնք բերելու են փոփոխության անհրաժեշտության… Երկրորդ գործոնը մեր հյուսիսային հարևանի ազդեցությունն է, որն այդ տիրույթի նկատմամբ անտարբեր չէ և ձգտում ունի իր ազդեցությունը պահել Հայաստանի ուժային կառույցների վրա»:
«Մեր ուժային կառույցները ոչ թե հանրության իրավապահ խնդիրներն էին սպասարկում և ազգային անվտանգությունն ապահովում, այլ սպասարկում էին իշխանությանը մինչև 2018թ. և իրականացնում գործառույթներ, որոնք չէին ընդգրկվում ժողովրդավարական երկրի տեսլականում: Մեզ պետք են աշխատող համակարգեր»,- նշեց Ռոբերտ Ղևոնդյանը:
Անդրադառնալով նոր ձևավորվող քաղաքական շրջանակին՝ Արեգ Քոչինյանը նշեց. «Տեսնում ենք պսևդոընդդիմադիր զանգվածների կենտրոնացում և ուժային կենտրոնի փնտրտուք, խոսքս վերաբերում է Վանեցյան-Ծառուկյան և որպես նրանց արբանյակ ծառայող ՀՅԴ, այսպես ասած, ուժային կենտրոնի ձևավորմանը, այստեղ էական է, թե ով կլինի առաջին խաղացողը: Եթե կլինի Վանեցյանը, դա կնշանակի, որ նա ձեռք է բերել Հայաստանից դուրս գտնվող ուժային կենտրոնի աջակցություն, և Ծառուկյանը մտել է այդ խաղի մեջ, իսկ եթե «առաջին ջութակը» կլինի Ծառուկյանը, կնշանակի, որ Վանեցյանը այս ամբողջ ընթացքում բլեֆ էր անում և որևէ ուժային կենտրոնից աջակցություն չունի: Այս ամենին «Դաշնակցության» մասնակցությունը կոմիկ է»:
Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ կորոնավիրուսի համավարակը ազդեց բազմաթիվ քաղաքական գործընթացների վրա, այդ թվում նաև Հայաստանում հետհեղափոխական քաղաքական գործընթացների վրա, սրեց ռեսուրսների համար պայքարը:
Մանրամասն տեսանյութում:








































