Ոստիկանության ծառայողները բացահայտել են հունիսի 7-ին Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ կատարված սպանությունը։ Հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հունիսի 7-ին, ժամը 00.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել:
Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Սողոմոն Տարոնցու փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերեց 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին կրակված գնդակ ու պարկուճներ:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտվեց։
Հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






































