Դիմակի կրումը բաց տարածքներում ևս կդառնա պարտադիր: Այդ մասին պարետատան նիստից հետո հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ բացառություն կկազմեն միայն քաղաքացիների բնակության վայրերը:
Համապատասխան որոշման մեջ կատարվող փոփոխությունը կվերաբերի բոլոր քաղաքացիներին՝ բացառությամբ 6 տարեկանից փոքրերին:
Այսինքն՝ տանից դուրս գալուց ցանկացած վայրում` բացօթյա թե փակ տարածքում, անհրաժեշտ կլինի լինել դիմակով:
«Բնակության վայրի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլորբաց վայրերում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների։ Նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահամնումը նաև վերահսկողության հարցի հեշտացման համար է արված, որոշ դեպքեր թողնված են տրամաբանությանը»,- նշել է Ավինյանը։
Ըստ պարետի՝ դիմակների օգտագործումն էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը, ինչն ապացուցված է գիտական տարբերհոդվածներով։
«Նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումն էականորեն նվազեցնում է վարակի տարածման հավանականությունը, իսկ եռաշերտ բժշկական դիմակների կրումն ավելի մեծ էֆեկտիվություն ունի»,- նշել է նա։