Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր1» գործով դատավարությունը։ Նիստի մեկնարկից անմիջապես հետո պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդություն ներկայացրեց՝ ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետներին և դատաբժշկական կենտրոնի փորձագետներին, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական համալիր փորձաքննությունն իրականացնող փորձագետներին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ Փոստանջյանը գտնում է, որ փորձագետների ցուցմունքները գործի քննության համար վճռորոշ նշանակություն ունեն, քանի որ Գագիկ Մկրտչյանի հրազենային վնասվածքից մահվան պատճառը պարզված չէ, իսկ մնացած ապացույցները բավարար չեն Արմեն Բիլյանին մեղադրանք առաջադրելու համար, քանի որ այն հիմնված է վկաների ցուցմունքի վրա, ընդ որում՝ վկաները չեն տեսել Արմեն Բիլյանին՝ Գագիկ Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելիս։