Ամերիկյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ լավատեսությունը կարող է պաշտպանել գլխուղեղի կաթվածից: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում կատարելով Միչիգանի համալսարանի մասնագետների խմբի կողմից կատարված աշխատանքի եզրակացություններին: Էրիկ Կիմի գլխավորած խումբն ուսումնասիրել է տարիքով 50-ից ավել ամերիկացիների տվյալները: Մինչև ուսումնասիրության սկիզբը 6 հազար կամավորներից և ոչ մեկի մոտ ինսուլտ չէր գրանցվել:
Գիտնականները երկու տարվա ընթացքում հետևել են կամավորների առողջությանը: Մասնակիցների լավատեսությունը չափվել է 3-18 բալանոց սանդղակով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է 88 ինսուլտ: Կիմի խումբը նաև արձանագրել է, որ լավատեսության 1-աստիճանանոց աճը նվազեցնում է ինսուլտ ստանալու հավանականությունը 10%-ով:
Այս ուսումնասիրությունն ու հաշվարկները կատարելիս գիտնականները հաշվի են առել նաև սոցիոժողովրդագրական, կենսաբանական և վարքագծային գործոնները: Այս հետազոտությունը հաստատել է Միչիգանի համալսարանի մեկ այլ խմբի ուսումնասիրության արդյունքները, համաձայն որի այն կանայք, որոնք հաճախ անելանելիության զգացումներ են ունենում, ավելի են հակված ինսուլտ ստանալուն, քան նրանց լավատես տարեկիցները: