Ինչպես հաղորդում է NEWSru.com կայքը, հղում կատարելով բրիտանական BBC-ին, Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել կառավարության ապարատի մի քանի անդամ. «Կառավարության մի քանի անդամ դարձել են Օսլոյի վրա կատարված հարձակման զոհ»,- ասել է վարչապետը՝ Նորվեգիայում տեղի ունեցածն անվանելով «գիշերային մղձավանջ և համազգային ողբերգություն»:
Այս պահի դրությամբ Օսլոյի պայթյունի կամ պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ, 84 մարդ զոհվել է Ութեյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակված ահաբեկչի գործողությունների հետևանքով: Ձերբակալվել է կրակ բացած հանցագործը: Դա ոմն Անդերս Բերինգ Բրեյվիկն է, սակայն ոստիկանությունը պաշտոնապես այդ լուրը չի հաստատել:
Համացանցում հայտնվել է նաև մի լուսանկար, որտեղ կասկածյալը պատկերված է մասոնական զգեստով: Մինչ այդ սոցցանցերից օգտատերերը պարզել են, որ կասկածյալը հետաքրքրվում է մասոնությամբ և բոդիբիլդինգով:











































