Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը և նրա կինը՝ Շարլինը դատի են տվել ֆրանսիական L’Express ամսագրին սուտ տեղեկություններ տարածելու համար: Այս մասին հաղորդել է կառավարության ղեկավար Միշել Ռոժեն: Նա իր՝ կառավարության ղեկավարի անունից բողոք է արտահայտել այս կապակցությամբ. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»:
Ֆրանսիական ամսագիրը դեռ մինչև հարսանիքը գրել էր, որ իշխանի ապագա կինը փորձել էր լքել Մոնակոն և մեկնել իր հայրենիք: Պաշտոնական Մոնակոն հերքել էր այս տեղեկությունները՝ նշելով, որ Ուիթստոկը Մոնակոյի պատվիրակության կազմում մեկնել էր Հունաստան, որտեղ պետք է տեղի ունենային ուղեղի խնդիրներով հաշմանդամների օլիմպիական խաղեր: «Այդ ժամանակ մենք պետք է հրապարակեինք Շարլինի և պատվիրակության նկարները, ինչը կցրեր կասկածները»,- խոստովանել է կառավարության ղեկավարը:
Միշել Ռոժեն նաև հերքել է այն լուրերը, որոնց համաձայն Մոնակկոյի արքայազնը ունի երրորդ արտաամուսնական երեխան: Վարչապետն ասել է, որ ամսագրին դատի տալով՝ այս բոլոր ասեկոսեներին վերջ կդրվի:










































