Կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի թիվն Ավստրիայում նվազել է 90 տոկոսով այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը պարտադիր է դարձրել դրսում դիմակներ կրելը, հաղորդում է Daily Mail-ը:
Այնուամենայնիվ, կան երկրներ, որոնք հանրային վայրերում դիմակներ կրելն արդյունավետ չեն համարում՝ նշելով, որ այն կարող է վարակի տարածման պատճառ դառնալ: Դիմակը կրելու հետևանքով մարդիկ հաճախ են ձեռք տալիս իրենց դեմքին, ինչը մեծացնում է վարակի տարածման հնարավորությունը: Վերոնշյալ խնդրից բացի, մարդիկ դիմակն ավելի երկար են կրում, քան անհրաժեշտ է: Այդպիսով, դիմակը խոնավանում է և վարակի տարածման միջավայր ստեղծում:
Կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Վուհան քաղաքում 2019 թվականի վերջին: Այն տարածում է գտել աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում:
Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41 850 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 61 (ավելացել է ևս 1-ով) դեպք:








































