Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ուսումնական և հանգանակող ռոբոտների նախագծման մրցույթներ: Ինչպես «Առաջին լրատվականին» հայտնեցին ԻՏՁՄ-ից, մրցույթների հայտարարման նպատակն է դպրոցներն ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ուսումնական ռոբոտներով և ուսումնական ծրագրերով:
Մրցույթի հաղթողը պետք է դպրոցական 4 խմբակներն ապահովի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Մասնակիցները նաև պետք է հաշվի առնեն, որ հաղթող թիմը կարող է դառնալ մեծաթիվ դպրոցների համար մատակարար կազմակերպություն:
Առաջարկությունը չպետք է գերազանցի 350 հզ. դրամը 1 ռոբոտի համար և իր մեջ պետք է ներառի ռոբոտին՝ ֆիզիկապես, ուսուցչի վերապատրաստումը, ուսումնական պլանը և այլ լրացուցիչ հնարավորություններ:
Հանգանակող ռոբոտը նախատեսվում է կիրառել «ԴիջիԹեք Էքսպո» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, որտեղ ռոբոտը կտեղադրվի մուտքի մոտ և մասնակիցներից գումար կհանգանակի ռոբոտոտեխնիկայի դպրոցական խմբակների ստեղծման համար:
Նշենք, որ ռոբոտոտեխնիկայի խմբակներ գործում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հենակետային վարժարանում, Քվանտ վարժարանում: Նախատեսվում է, որ խմբակներ կլինեն Օհանյան վարժարանում, Ֆիզմաթ դպրոցում և Անանիա Շիրակացի կրթահամալիրում, ինչպես նաև մի շարք այլ դպրոցներում և կրթահամալիրներում: Ռոբոտոտեխնիկայի խմբակների շրջանակներում դպրոցական երեխաները կսովորեն սարքեր նախագծել, պատրաստել դրանք, ծրագրավորել և այլն: Երեխաների մոտ կզարգանա ինժեներական միտքը, հետագայում կշարունակեն իրենց կրթությունը համապատասխան ոլորտում:









































