Որքանով են նպատակային և որքանով կկարողանան բիզնեսը ջրի երեսին պահել Կառավարության տնտեսական օժանդակության ծրագրերը. այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրենց դիտարկումները ներկայացրին «Վայն ռիփաբլիք Երևան»-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը և Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ, մի շարք ընկերությունների համասեփականատեր Երվանդ Թարվերդյանը:
«Գոյություն ունեցող ծրագրերը միշտ չէ, որ ամբողջովին համապատասխանում են այն խնդիրներին, որոնք առաջացել են: Բիզնեսը կտրուկ կերպով զրկվեց ֆինանսական հոսքերից, ինչը նախատեսված չէր, և դա մի շարք խնդիրներ առաջացրեց, որոնք երկարաժամկետ ազդեցություն են ունենալու: Իրավիճակը փրկելու համար այսպիսի կտրուկ քայլեր ձեռնարկելը անհրաժեշտ էր, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ առումով խնդիրները չեն լուծվում, անհրաժեշտություն կառաջա նոր միջոցեր ձեռնարկել»,- նշեց Արսեն Հովհաննիսյանը:
Երվանդ Թարվերդյանը հավելեց, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած իրավիճակով պայմանավորված խնդիրներ են առաջացել, բայց հետևանքներն արձանագրելը դեռ վաղ կլինի, քանի որ դեռևս կրկնվելու են դեպքերը. «Հետևանքներն արձանագրել հնարավոր կլինի առնվազն մեկ տարի հետո: Իրատեսական է կանխատեսել, որ տնտեսական առումով բարդ իրավիճակում ենք հայտնվելու… Պետք է պատրաստ լինենք նրան, որ բիզնեսի մի մասը ոչ միայն տուժելու է, այլև սնանկանալու է:
Այլ հարց է, թե ինչ միջոցառումներ է այսօր իրականացնում կառավարությունը, ինչքանով է կարողանում փրկել բիզնեսը, և որոնք են առաջնային ճյուղերը: Կան լավ ծրագրեր, սակայն դրանք իրագործելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:
Կառավարությունն այսօր ամբողջությամբ չի տրամադրում միջոցներ, այլ համաֆինանսավորում է կամ սուբսիդավորում…»: Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝ Կառավարությունը սոցիալական աջակցությունը պետք է ցուցաբերի ոչ թե բանկերի միջոցով, այլ ուղիղ:
Մանրամասն՝ տեսանյութում:










































