Ես համաձայն չեմ տեսակետին, որ Գավառում տեղի ունեցած միջադեպի պատճառը այն է, որ դատաիրավական համակարգի փոփոխությունները արագ տեղի չեն ունեցել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքերին:
«Իհարկե, մենք կարող ենք ամեն ինչ, ինչ տեղի է ունենում Հայաստանում, արձանագրվող բոլոր արատավոր երևույթները, դատապարտելի դեպքերը կապել դատաիրավական ոլորտի խնդիրների հետ: Բայց ես պետք է նշեմ, որ այն ողբերգական դեպքերը, որոնք ցավոք սրտի արձանագրվեցին Գավառում երկու օր առաջ, նոր բան չեն: Դա առաջին դեպքը չէր, մենք բազմիցս ականատես ենք եղել նման դեպքերի տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում, Գյումրիում, ընդհանրապես, Շիրակի մարզում, Երևանի կենտրոնում, երբ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչեցին կրակոցներ: Այս ամենը վկայությունն է այն բանի, որ մեր հասարակությունում դեռ շարունակում է արմատավորված մնալ քրեական հակամշակույթ կոչվածը







































