Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակի շուրջ մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է հասարակական-քաղաքական դաշտում, ինչպես նաև տեղական և միջազգային լրատվամիջոցներում։ Շատերին ոգևորել է նաև Հայաստանի արտգործնախարարության արձագանքը՝ առ այն, որ Հայաստանի համար ընդունելի չեն փուլային կարգավորման տարբերակները։ Այնտեղ ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք՝ արդյոք Սերգեյ Լավրովն արտահայտել է միայն Ռուսաստանի՞ դիրքորոշումը, թե՞ ամբողջ Մինսկի խմբի համանախագահության։ Ընդգծենք, որ Մինսկի խումբն այն եզակի ֆորմատն է, որտեղ նույնիսկ իրար հետ առճակատման մեջ գտնվող երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ունեն ընդհանուր դիրքորոշում, և դժվար է մեջբերել գեթ մեկ օրինակ, երբ եռանախագահող երկրներից մեկը մյուսին հակառակ տեսակետ ունենա։ Այս դեպքում ևս, ըստ էության, ականատես ենք լինում մի փաստի, երբ հակամարտող մյուս երկու երկրները չեն հերքում Լավրովի հայտարարությունները։ Ուստի կարելի է ենթադրել, որ առնվազն դեմ չեն նմանօրինակ դիրքորոշմանը։
Արցախի հեռացող նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ քննարկումը դեռևս չի նշանակում, որ փուլային տարբերակն ընդունվում է. «Այդ տարբերակը հերքվել է 1998 թվականից ի վեր։ Մենք, ընդհանուր առմամբ, դեմ չենք փուլային տարբերակով կարգավորմանը, բայց դեմ ենք այն փիլիսոփայությանը, որն առաջարկում է Ադրբեջանը։ Բաքվի մոտեցումը ոչ այլ ինչ է, քան արցախյան պետականության փուլային ապամոնտաժում։ Ադրբեջանը չի փորձում կարգավորել կամ լուծել սահմանների հետ կապված հարցերը, կարգավիճակի հարցը։ Ասում է՝ ինձ հետ տվեք տարածքներ, թող ադրբեջանական ազգաբնակչությունը վերադառնա նախկին բնակեցման վայրերը, բայց երբևիցե չի պատրաստվում ճանաչել Արցախի Հանրապետության կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս։ Սա նորմա՞լ մոտեցում է, իհարկե ոչ։ Մենք ասում ենք՝ եթե փուլային տարբերակով կարգավորման կողմնակից եք, եկեք փուլ առ փուլ փաթեթներ կարգավորենք»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ առաջին փուլը թող լինի քաղաքական հարցերի կարգավորումը, երկրորդը՝ հումանիտար հարցեր, հետո՝ տնտեսական. «Մենք չենք կարող Ադրբեջանի քմահաճույքներին ենթարկվել ու թուլացնել մեր պետականությունը, ափսեի վրա տանենք ու ասենք՝ մեզ մորթեք»։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Մինսկի խումբն ամբողջությամբ կողմ է փուլային տարբերակով կարգավորմանը, և Լավրովը միայն Ռուսաստանի մոտեցումը չի ներկայացրել, Բաբայանն արձագանքեց. «Իրենք միջնորդներ են, պարտադրողներ չեն, դատավորներ չեն, ինչի մասին բազմիցս հենց իրենք են նշել։Կարող են այս կամ այն հարցի քննարկմանն աջակցել, ինչ-որ խորհուրդներ տալ, փորձել ի մի բերել այս կամ այն մոտեցումը, բայց երբևիցե դատավորի կարգավիճակից հանդես չեն գալիս։ Այդ իսկ պատճառով էլ պարտադրանք չի լինելու, իրենք միջնորդներ են»։
Բաբայանի դիտարկմամբ՝ մենք պետք է մտապահենք մեկ բան, մեր ամենամեծ մարտահրավերը ներսից է. «Թուրքիան ու Ադրբեջանը միշտ կան, բայց ներսի խնդիրները շատ ավելի վտանգավոր ու կործանարար կարող են լինել մեզ համար»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ միայն այն, որ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրները չեն արձագանքել Լավրովի հայտարարությանը, դեռ հիմք չէ ենթադրելու, որ կիսում են այդ մոտեցումը։ «Ամենայն հավանականությամբ, մյուս երկրները նախաձեռնությամբ հանդես չեն գալիս և սպասում են՝ տեսնելու, թե Հայաստանն ու Ադրբեջանը նոր իրականությունում ինչպիսի քեյսեր են առաջ բերում, ու դրանց համապատասխան ինչպիսի նոր տարբերակներ է հնարավոր մշակել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ Լավրովի հայտարարությունը ժամկետանց մոտեցում է ենթադրում, դա է պնդում նաև ՀՀ ԱԳ նախարարությունը. «Առավել ևս այն դեպքում, որ նախկինում ևս նշված մոտեցումներին հայկական կողմը համաձայնություն չի տվել։ Եթե մենք գնանք հիմքերին՝ դա 1997 թվականի դեկտեմբերի 2-ին առաջ քաշած տարբերակն է, որի վերաբերյալ թե՛ Երևանը և թե՛ Ստեփանակերտը ունեին շատ լուրջ վերապահումներ։ Ստեփանակերտն այդ տարբերակն առհասարակ մերժում էր։ Ուստի, Լավրովը չի ասել այնպիսի նոր բան, որը նախկինում չկար ու նախկինում չի մերժվել»,- եզրափակեց նա։






































