ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով ամենօրյա ճեպազրույցները համարում է ժամանակի զուր վատնում և դրանում մեղադրել է լրագրողներին: Այդ մասին նա գրել է Twitter-ում:
Նրա խոսքով` լրատվամիջոցները տալիս են միայն թշնամական հարցեր և հետո հրաժարվում են ճշգրիտ հաղորդել ճշմարտությունն ու փաստերը: «Նրանք ստանում են ռեկորդային վարկանիշներ, իսկ ամերիկացիները չեն ստանում ոչինչ, բացի ֆեյք լուրերից: Չարժեն ժամանակ և ջանքեր»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը քննադատել է լրագրողներին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի լուսաբանման համար. նրա կարծիքով` ամերիկյան լրատվամիջոցները հրապարակում են կեղծ տեղեկություններ: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում:
Ապրիլի 25-ի տվյալներով` ԱՄՆ-ում գրանցվել է ամենամեծ թվով հիվանդացածների թիվ` ավելի քան 924 հազար մարդ: Կորոնավիրուսից ավելի շատ տուժած երկրների եռյակում են նաև Իսպանիան (վարակվածության ավելի քան 223 հազար դեպք) և Իտալիան (195 հազարից ավելի վարակվածներ):









































