«Սովորաբար հենց ապրիլի 24-ից 24 ենք փորձում դիտարկել, գնահատել մեր մեկ տարվա աշխատանքը: Եվ այդ առումով, եթե փորձենք գնահատականներ տալ, Հայոց ցեղասպանության ճանաչման առումով բավականին հաջող տարի էր: Երեք պետություն ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, և այդ երեք պետությունն էլ տարբեր էին բնույթով, ճանաչումները ևս մեկը մյուսից տարբերվում էին, տարբերվում էին նաև սպասելիքների առումով: Առաջինը Պորտուգալիան էր, որտեղ ունենք փոքր, բայց բավականին լավ կազմակերպված համայնք… Երկրորդը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր, Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների երկու պալատներն էլ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, ուստի կարող ենք ԱՄՆ-ի ճանաչման առումով համարել կատարված գործողություն… Երրորդն էլ Սիրիայի կողմից ճանաչումն էր, որին միշտ սպասում էինք, քանի որ կարելի է ասել, որ Սիրիան նաև այն երկիրն է, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը»,- «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը:
Անդրադառնալով գործող իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը փաստեց, որ սա այն թեման է, որի շուրջ կտրուկ շրջադարձեր պետք չեն, իհարկե պետք են բարելավումներ, նոր թարմ ուղերձներ: «Բայց քիչ թե շատ նույն գիծը պահպանվում է, այն գիծը, որն ընդունվեց շուրջ 7 տարի առաջ: Դա Հայոց ցեղասպանության թեման միջազգայնացնելն է, տեղադրել այլ ցեղասպանությունների դեմ կանխարգելման, այլ ցեղասպանությունների դեմ պայքարի ընդհանուր համաշխարհային ռազմավարության մեջ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































