Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Ավստրիայի Հայ Առաքելական համայնքի ղեկավարությունը, ի դեմս համայնքի ատենապետ Դր. Վահագն Ամիրջանյանի, համայնքի փոխատենապետ Դր. Էդուարդ Ֆրանգուլյանի, այսօր՝ ս.թ. ապրիլի 24-ին, համայնքի բոլոր անդամների անունից հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և Հայ Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Արդեն 105 տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու ամբողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915 թվականի ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:
Հայ ժողովուրդը, ցեղասպանության հետևանքով սփռվելով ողջ աշխարհով մեկ, գրեթե ամենուր կառուցեց իր ապրած ողբերգությունը հավերժացնող հուշարձաններ: Ցեղասպանությունը խոր վերք թողեց հայ ժողովրդի հոգեբանական կերտվածքի վրա, բերեց կոլեկտիվ ու պատմական հիշողության նոր շերտի առաջացմանը, որն աչքի է ընկնում խոր զգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ:














































