ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով այսօրվա ԲԴԽ նիստը հետաձգվել է: Նիստի հետաձգման պատճառն այն էր, որ ԲԴԽ աշխատակարգային խմբի անդամներից մեկը չէր հասցրել ծանոթանալ նյութերին։
Ավելի վաղ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա, ԲԴԽ-ի փետրվարի 27-ի որոշման կապակցությամբ հատուկ կարծիք հայտնելու համար։ Հանձնախումբը գտել է, որ հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները, և միջնորդություն է ներկայացրել կարգապահական պատասխանատվության ենթարկել նրան։
Ի դեպ, շատերը ԲԴԽ-ին նաև մեղադրեցին ՍԴ-ի պաշտպանության մեջ։ Թե ինչ է իրականում տեղի ունեցել և ո՞վ, ո՞ւմ, ինչի՞ց է պաշտպանում՝ կպարզենք ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ զրույցում։
Հարցին, թե ինչու հետաձգվեց նիստը, Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԲԴԽ նոր անդամը՝ Արմեն Հայկյանցը պնդեց, որ գործի նյութերն իրեն փոխանցվել են ապրիլի 21-ին և ժամանակ չի ունեցել ծանոթանալ դրանց հետ. «Դա, իհարկե, նրա իրավունքն է, բայց այդ նյութերը, բացառությամբ ԲԴԽ-ի միջնորդությունը, մեր կայքում տեղակայված են և հասանելի են բոլորին: Ես ցանկանում էի, որ օր առաջ խնդիրները քննվեին, բայց չհաջողվեց համոզել, որ նիստն այսօր տեղի ունենա»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ-ն իր որոշմամբ ԲԴԽ-ին արգելել է պաշտոնից զրկել դատավորին, եթե անգամ նա պաշտոնի հետ անհամատեղելի արարք է կատարել, Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց. «…ՍԴ-ն իր որոշումով վտանգեց ԲԴԽ լիազորությունները. սա դատական իշխանության անկախության սպառնալիք է… Լռելն անհնար է»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































