Netflix հոսքային ծառայությունը ռեկորդ է սահմանել կորոնավիրուսի համաճարակի շնորհիվ, հաղորդում է The Verge պարբերականը:
Առաջին եռամսյակում, համաճարակի ֆոնին, հարթակը 15.8 միլիոն նոր բաժանորդ է ձեռք բերել այն դեպքում, երբ ընկերությունն ինքը կանխատեսել էր մոտ 7.2 միլիոնի աճ: Ներկայումս Netflix-ից օգտվում է 182 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում:
Չնայած ռեկորդին, բաժնետերերին ուղղված նամակում ծառայության ներկայացուցիչները նշել են, որ կարանտինից հետո աճը կդանդաղի: «Ինչպես տնային ժամանցի այլ ծառայությունները, մենք նույնպես դիտումների ավելի բարձր մակարդակ և բաժանորդների թվի ժամանակավոր աճ ենք գրանցում: Մեր դեպքում դա փոխհատուցվում է ԱՄՆ դոլարի կտրուկ ամրապնդմամբ, ինչը նվազեցնում է մեր միջազգային եկամուտը»,- ասվում է հայտարարության մեջ:
Netflix-ի համար խնդիր է նաև այն, որ բազմաթիվ նոր նախագծեր սառեցվել են համաճարակի պատճառով: Հստակեցվում է, որ հենց օրիգինալ ֆիլմերն ու շոուներ են հանդիսանում ծառայության մրցակցային առավելություններից մեկը:










































