Եվրախորհրդարանն Արևելյան գործընկերության երկրներին առաջարկել է ԵՄ-ի հետ ընդհանուր տնտեսական տարածություն ստեղծել և ամրապնդել ինտեգրացիան հաղորդակցությունների, տրանսպորտի, ավիացիայի ու էներգետիկայի ոլորտներում: Փաստաթուղթը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը։ Այն առաջարկում է վերացնել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև ռոումինգի ռեժիմը, թույլ տալ այդ երկրներին աստիճանաբար ինտեգրվել Բրյուսելի գլխավորած էներգետիկ միությանը, տրանսպորտային համայնքին և թվային միասնական շուկային: Չի նշվում, սակայն, թե որն է ընդհանուր տնտեսական տարածությունը:
Հայաստանում փաստաթղթի վերաբերյալ քննարկումները միայն փորձագիտական մակարդակի վրա են, իշխանությունները պաշտոնապես սրան չեն արձագանքել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Եվրոպան «մահվան շեմին» որոշել է կախվել փրփուրներից: Վրացական և ուկրաինական սոցցանցերում գրում են, որ Եվրոպայից անդամակցություն են ակնկալում, ոչ թե ընդհանուր տարածություն, իսկ Հայաստանում, ինչպես վերևում նշեցինք, փաստաթուղթն ընդհանրապես չեն նկատել:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ գնահատականների ու ծրագրերի բացակայությունը, ոչ միայն այս ոլորտում, պայմանավորված է համավարակի խնդիրներով, սակայն դա ընդամենը արդարացում է: «Ըստ իս՝ հարցը պետք է բարձրաձայնվի, որպեսզի պատկան մարմինների ու հանրության ուշադրությունը սրա վրա սևեռված լինի։ Այդպիսի ծրագրերն են, որ թույլ կտան մեզ հաղթահարել համավարակից հետո սպասվելիք աղետները՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ քաղաքական ոլորտներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Դիլբարյանի՝ Հայաստանից ակնկալվելիք գնահատականն էլ պետք է լինի կառուցողական. «Իհարկե կարելի է ակնկալել առավելագույնը՝ լիակատար անդամակցություն Եվրամիությանը։ Բայց եկեք ավելի իրատեսական մտածենք։ Տվյալ առաջարկը կարող է հանգեցնել անդամակցության շատ ավելի լավ հեռանկարի, քան մեծ և բարձր պահանջների սահմանումը։ Եկեք ընդունենք, որ մեր տարածաշրջանի երկրները կամ տարածաշրջանից դուրս նույն Ուկրաինան օրենսդրության ու մնացած ոլորտներում ունեն այնպիսի խնդիրներ, որ Եվրամիության լիակատար անդամակցության մասին խոսելը դառնում է ընդամենը պահանջատիրություն և ոչ թե իրական հեռանկար»։
Մեր զրուցակիցը նաև հույս հայտնեց, որ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը չի կարող խանգարել ընդունելու տվյալ առաջարկը. «Գուցե կառավարության ներսում այս խնդիրն էլ է առաջանում՝ Եվրամիության հետ ավելի խորը տնտեսապես ու ֆինանսապես գործակցելու համար։ Ընդհանրապես՝ պետք է ընդունել, որ համավարակից առաջ ու հետո մեր որոշակի պայմանավորվածությունները, դիրքորոշումները՝ լինեն ռուսաստանամետ, թե եվրամիությունամետ, պետք է փոփոխվեն։ Մենք պետք է շարժվենք ըստ նպատակահարմարության և մեր գործընկերների հնարավորինս ընդլայնման ճանապարհով»։
Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ խնդիրները հիմնականում կապված են ԵԱՏՄ-ի հետ. «Ցավոք սրտի, մեր տնտեսությունն այնքան խորն է ինտեգրված ռուսական էներգակիրներ արտահանող ընկերություններին, նաև մաքսային, առևտրային ոլորտներին, որ մենք ունենում ենք դժվարություններ։ Դրա մեջ կա նաև օբյեկտիվ հիմք։ Մենք գիտենք, որ Հայաստանը սահմաններ չունի Եվրամիության երկրների հետ ընդհանրապես։ Իհարկե, Ռուսաստանի դեպքում էլ ստիպված ենք Վրաստանի միջոցով ապրանքներ արտահանել կամ ներմուծել, բայց այդ դեպքում էլ ռուսական կողմը արտոնագրեր, որակավորման սերտիֆիկատներ պահանջելով՝ կարող է հատկապես գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը խոչընդոտել»։
Եզրափակելով՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ Եվրախորհրդարանի առաջարկի հետ կապված մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը հապաղում է՝ փորձելով պարզել, թե ինչպիսին կարող է լինել ռուսական կողմի արձագանքը. «Բայց դարձյալ ուզում եմ շեշտել, որ դա լռության պատճառ չի կարող լինել, լռությամբ խնդիրները չեն լուծվի»։
ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ԱլԳ անդամ երկրներից Հայաստանն ու Բելառուսը ԵԱՏՄ անդամ են, Հայաստանը, ի տարբերություն Բելառուսի, ԵՄ-ի հետ ավելի խորն է համագործակցում: «Ես որևէ խնդիր չեմ տեսնում, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կհամագործակցի Եվրամիության հետ այնքանով, որքանով որ դա չի հակասում մեր անդամակցությանը ԵԱՏՄ-ին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Այն, որ Հայաստանն առայժմ չի արձագանքել Եվրախորհրդարանի առաջարկին, ըստ Վարդանյանի՝ ունի երկու պատճառ. «Միգուցե դեռ ուսումնասիրում են կամ ոչ պաշտոնական՝ դիվանագիտական խողովակներով են արձագանքել։ Երկու տարբերակն էլ հնարավոր է, բայց ես վստահ եմ, որ Հայաստանը կարձագանքի»։











































