Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում նշել է, որ ռուսական կողմը հույս ունի, որ վերջին մի քանի տարում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների նկատմամբ սկսված դատավարությունները կկարգավորվեն:
«Մենք հույս ունենք, որ այն դատական գործընթացները, որոնք սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների նկատմամաբ, այդ թվում`Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված, կկարգավորվեն առանց միջադեպերի, որոնք հարիր չեն դաշնակիցներին»,- հայտարարել է նա: Լավրովը, նաև նշել է, որ «բարդ իրավիճակ» է ստեղծվել ևս մի քանի ռուսական ընկերությունների հետ: «Հուսով եմ՝ կկարգավորենք այս բոլոր հարցերը»,- ասել է նա:
ՏԱՍՍ-ի տվյալներով, Ռուսաստանի երկաթուղիների հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ սրվել են 2018-ի օգոստոսին խուզարկությունների և քրեական գործերի պատճառով, որոնք Երևանը հարուցել էր ՀԿԵ-ի դեմ` 19 հազար դոլարի չափով հարկեր չվճարելու գործի շրջանակներում:











































