Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Ինչպես նշեց ԿԲ նախագահի թեկնածուն` մի քանի ամիս առաջ իր ելույթը կառուցված կլիներ այլ տրամաբանությամբ, սակայն այսօր այլ իրականություն է. «Այսօր աշխարհը լի է անորոշություններով ու արագ փոփոխվում է: Ամբողջ աշխարհն իրական ժամանակում հետևում է մարդկային ողբերգության»: Ուստի նա իր ելույթի առաջին մասն ուղղեց կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին և ԿԲ արձագանքին:
Նա նշեց, որ շատ տնտեսագետների կանխատեսմամբ` տնտեսական անկումն ավելի խորն է լինելու, քան 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ. «Հիմնական եզրույթը հետևյալն է` արձագանքել արագ և անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է»:
Թեկնածուի խոսքով` համակարգը առանց պետական աջակցություն ակնկալելու առաջիններից էր, որ իր դերակատարությունն ունեցավ ճգնաժամը մեղմելու գործում. «Մարտի 17-ին ԿԲ խոհուրդը որոշում կայացրեց գնալ ոչ պահպանողական քայլի և նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս ճանապարհով չգնացին Ռուսաստանի և Վրաստանի ԿԲ-ները, իսկ Ղազախստանի ԿԲ-ն նույնիսկ բարձրացրեց տոկոսադրույքը»:
Նրա խոսքով` շատ կարևոր էր նաև շուկաներում կայունության պահպանումը. «ԿԲ-ն տրամադրեց իրացվելիությանը անհրաժեշտ քանակ` թե ազգային արժույթով, թե արտարժույթով»:
«Շոկերը մեր կյանքի անբաժանելի մասն են լինելու: Դրանք լինելու են ավելի հաճախ, ավելի անկանխատեսելի և ավելի ուժեղ, ուստի պետք է հենման կետ: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի, գները կմնան կայուն: Հայաստանում այդ հենման կետը մակրոկայունության միջավայրն է: Կառավարությունը կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա` չմտածելով անկայունությունների սպառնալիքների մասին: Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք»,- եզրափակեց Մարտին Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































