Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ կոնգրեսական, դեմոկրատ Ալեքսանդրիա Օքասիո-Կորտեսը արձագանքել է առաջիկա ընտրություններում դեմոկրատների հավանական թեկնածու, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին ուղղված ոտնձգությունների մեղադրանքներին: Նրա խոսքերը մեջբերում է The Hill-ը:
Ինչպես նշել է Օքասիո-Կորտեսը, նման բաների մասին խոսելն օրինական է և անհրաժեշտ: «Ինձ թվում էր, որ մենք մտել ենք նոր ժամանակաշրջան՝ անցյալում թողնելով նման բաները: Բայց հիմա թվում է, որ մենք նորից ենք վերադառնում այս ամենին»,- մեկնաբանել է կոնգրեսականը:
Նա նաև հավելել է, որ շատերը հակված են անտեսել սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները, քանի դեռ դա անմիջականորեն չի վերաբերում նրանց, շեշտելով, որ դա անընդունելի է:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի սենատի նախկին աշխատակից Թարա Ռիդը հայտարարել էր, որ մոտ 30 տարի առաջ ոտնձգության է ենթարկվել Բայդենի կողմից, որն այդ ժամանակ սենատոր էր Դելավեր նահանգից: Նրա խոսքով, 1993 թ.-ին քաղաքական գործիչն առանց թույլտվության համբուրել է նրան, հպվել, ինչպես նաև առաջարկել ինտիմ հարաբերություններ: Այդ ժամանակ ոչինչ չի ձեռնարկվել Բայդենի դեմ, չնայած կինն այդ դեպքի մասին պատմել է նրա երեք ավագ օգնականներին և սենատի աշխատակազմի հետ աշխատանքի վարչությանը:










































