Կառավարության միջնորդությամբ տեսանկարահանող և արագաչափ սարքերով, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից արձանագրված խախտումների նկատմամբ հարկադիր գանձում չի իրականացվի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանը։
«Չվճարված գումարների մասով հարկադիր գանձում չի իրականացվի՝ մինչև այս իրավիճակը կարգավորվի։ Կարծում եմ՝ դա բավարար է, որպեսզի քաղաքացիները, ովքեր խախտումները դեռ չեն վճարել, այլ անհարմարությունների մեջ չհայտնվեն»,- ասաց Տիգրան Քեհյանը։ Որոշումը քննարկվել է կառավարությունում։
Խոսելով այս օրերին վարորդների կողմից բարձրաձայնվող այն հարցի մասին, որ տուգանքների համաներման կարիք կա, քանի որ չեն կարողանում վճարել, Տիգրան Քեհյանը նշեց՝ կառավարության այս քայլը բավական է, որպեսզի քաղաքացիների մոտ տուգանքների վճարման հետ կապված անհարմարություններ չառաջանան։ «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում խախտում անել ու չվճարել։
Տիգրան Քեհյանը հիշեցրեց հեղափոխությունից հետո տեղի ունեցած համաներման գործընթացի մասին և նշեց՝ այն ժամանակ համաներում իրականացվեց մինչև հեղափոխությունը կատարված իրավախախտումների նկատմամբ։ Մեր զրուցակիցը հարց բարձրացրեց՝ ինչ հիմքով պետք է հիմա համաներում հայտարարվի, որ երկրում կորոնավիրո՞ւս է, դրա համա՞ր։
«Եթե հարցն այն է, որ մարդիկ չեն կարող դուրս գալ, իրենց անվտանգությունից ելնելով չեն ցանկանում դուրս գալ ու չեն կարողանում վճարել, այդ մասով կառավարությունը քայլեր է ձեռնարկում։ Իսկ չեղարկել խախտումները ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հիմքով, տրամաբանությունը ո՞րն է։
Իրենք խախտում են կատարել կորոնավիրուսի պատճառո՞վ։ Այստեղ խնդիր կար տուգանքը չվճարելուց երկու ամիս հետո հարկադիր գանձման ուղարկելու, այժմ կառավարությունն այդ հարցը լուծում է»,- մանրամասնեց Տիգրան Քեհյանը։
Նշենք, որ, Քեհյանի խոսքերով, հարկադիր գանձում չի իրականացվի այն ակտերի նկատմամբ, որոնք ծանուցվել են հունվար, փետրվար, ամիսներին։ Այսինքն՝ այդ ամիսներին ծանուցված ու չվճարված իրավախախտումները հարկադիր գանձման են գնում երկու ամիս հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Արտակարգ դրության պայմաններում կատարված իրավախախտումների մասով դեռևս ծանուցումներ չկան, տեղեկացրեց Քեհյանը։











































