Իտալացիներին գումար են առաջարկում՝ Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին երախտագիտական տեսահոլովակ նկարահանելու համար, գրում է իտալական La Repubblica թերթը:
Իտալիայում ապրող ռուսաստանցիները WhatsApp-ով իրենց ծանոթ իտալացիներին առաջարկում են նկարահանվել «ռուսական զլմ-ի» տեսանյութում: Ըստ La Repubblica-ի, լրատվամիջոցին 15 իտալացիներ են հարկավոր, որոնք «ինչ-որ լավ բան կասեն ռուսական հումանիտար օգնության մասին»:
Իրենց «երախտիքի խոսքը» պետք է հրապարակեն թվիթերում եւ ինստագրամում: Տեսանյութի համար խոստանում են 200 եվրո վճարել, իսկ տեքստային հրապարակման համար «ավելի քիչ են վճարում»:
Պարբերականը կապվել է աղջկա հետ, որը տեսանյութ էր հրապարակել TikTok-ում: Ըստ աղջկա, նման հոլովակի համար իր ընկերը 20 եվրո է ստացել:
Ռուսաստանի դեսպանատունը պատասխանել է La Repubblica-ին, ասելով, որ այդ խնդրանքի մասին ոչինչ չգիտի, իսկ հայտարարությունը «խարդախների սադրանք» է որակել: Դեսպանատանը հայտարարել են, որ իրենք առանց դրա էլ երախտիքի անկեղծ խոսքերով «հարյուրավոր զանգեր են ստանում»:
Ավելի վաղ Ռուսաստանը Իտալիա հումանիտար օգնություն էր ուղարկել՝ ռազմական բժիշկներ, բժշկական սարքավորումներ եւ դեղորայք: Իտալական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ օգնության 80 տոկոսն անպետք է:










































