2000 թվականին հակաքոչայանական բողոքի հանրահավաք կազմակերպելուց հետո ձերբակալված, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող քաղաքագետ Արկադի Վարդանյանն արդարացվել է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վարդանյանը։
«Ամիսներ առաջ իմ փաստաբանի միջոցով հայց եմ ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության դեմ՝ 2000 թվականին իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու հարցով։ 20 տարի անց, 2 օր առաջ՝ ԱԱԾ-ն որոշում է կայացրել, որի պատճենը ինձ մոտ է՝ այդ քրեական գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով։Ես այդ լուրը ներկայացնում եմ ոչ թե որպես իմ ու իմ փաստաբանական թիմի քաղաքական հաղթանակ, այլ բացառապես իրավական տիրույթում։ Այդ ապօրինությունը փաստորեն վերացվեց ու հիմա ես արդարացված եմ»։
Հիշեցնելով գործի մանրամասները՝ Արկադի Վարդանյանը պատմեց.«2000 թվականի հոկտեմբերի 30-ին, իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ բազմահազարանոց հակաքոչարյանական հանրահավաք Ազատության հրապարակում։Այդ նույն գիշերն ինձ ձերբակալեցին, 10 օր պահեցին ԿՊԶ-ում, որից հետո քաղաքացիական հագուստով մի քանի մարդ եկան ու հենց այդ տարածքից ինձ վերցրեցին ու տարան ԱԱԾ մեկուսարան։ Ընդհանուր առմամբ 4 ամիս ինձ պահեցին անազատության մեջ, իմ դեմ քրեական գործ հարուցվեց՝ իբրև թե ես հանդես եմ եկել սահմանադրական կարգը ուժով տապալելու կոչերով։ 4 ամիս պահելուց հետո միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ԱՄՆ Պետդեպի ճնշման ներքո փոխեցին իմ խափանման միջոցը»։
Մեր զրուցակիցը պատմում է, որ այդ 4 ամիսների ընթացքում ենթարկվել է բավականին կոշտ հոգեբանական ճնշումների. «Առողջական կորուստներ ունեցա, բավականին հզոր ֆինանսական կորուստներ։ Իմ ղեկավարած բիզնես կենտրոնն անուշադրության էր մատնված, մի քանի լավ հեռանկար ունեցող տենդերների չկարողացա մասնակցել ու մենք ունեցանք շոշափելի ֆինանսական կորուստներ։ Իմ խափանման միջոցը փոխելուց հետո ստիպեցին հեռանալ հայրենքից, գնալ Մոսկվա։ Իսկ եթե ես չհամաձայնեի՝ ասացին, երեք որդիներս կարող են առողջական խնդիրներ ունենալ կամ նույնիսկ կյանքից զրկվել։ Ինձ այդ մասին բաց տեքստով ասաց այն ժամանակվա հետաքննչական մարմնի ղեկավար փոխգնդապետ տոնոյանը։ Նա եկավ մեր տուն ուա սաց ՝պարոն Վարդանյան, եթե մտածում եք ձեր երեք որդիների առողջության ու կյանքի մասին պետք է Հայաստանից հեռանաք։Ինձ շանտաժով ստիպեցին, որ ես հայրենիքից հեռանամ։ Սկզբում վերադարձա Մոսկվա ու հետո ստիպված եղա ընդհանրապես լքել նախկին խորհրդային տարածքը ու հայտնվել Եվրոպայում»։
Եզրափակելով քաղաքագետն ասաց՝ նման որոշումից հետո, մոտ ժամանակահատվածում պահանջելու է փոխհատուցում.«Բացի այդ՝ ԱԱԾ-ն պաշտոնապես ու հրապարակային պետք է ներողություն խնդրի 20 տարի առաջ տեղի ունեցածի համար»։











































