Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որի նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսվարողներին: Միջոցառման շահառու են 2020 թ. հունվարի 1-ից հետո ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր 2019 թ.-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, 2019 թ.-ին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, 2020 թ. հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թ.-ին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով։
Այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը, ովքեր 2020 թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից, և ովքեր այլ միջոցառման շահառու են։
Տնտեսագետները դրական են գնահատում կառավարության ջանքերը՝ հնարավորինս մեղմելու տնտեսական ճգնաժամն ու փոքր և միջին ձեռնարկատիրությունը փրկելուն ուղղված քայլերը։ Իհարկե, թերություններ, բացթողումներ միանշանակ կարող են լինել։ «Առաջին լրատվական»-ի խմբագրություն ահազանգած միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացին նշեց, որ կառավարության ոչ մի որոշում իր ընկերության վրա չի տարածվում։
Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ միկրոձեռնարկությունը ստեղծել է 2020 թվականի մարտի 1-ից։ Աշխատել են փաստացի մինչև մարտի 23-ը, այնուհետև, պարետի որոշման համաձայն, դադարեցրել են գործունեությունը։ Գործարարը մեզ տեղեկացրեց, որ ունի գրանցված 5 աշխատող, այս պահի դրությամբ ոչ մեկին աշխատանքից չի հեռացրել, սակայն բիզնեսը պահելու դժվարության առաջ է կանգնել։ Սպասարկման ոլորտի ընկերության ղեկավարը նշեց՝ յուրաքանչյուր աշխատողին տալիս է 80 հազար դրամ աշխատավարձ, վճարում է հարկային բոլոր վճարները՝ յուրաքանչյուր աշխատողի մասով 8500 դրամ։
Գործարարը բարձրաձայնեց, որ իրեն կառավարությունից տեղեկացրել են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված աջակցման միջոցառումներից և ոչ մեկից նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչը չի կարող օգտվել։ Աջակցման բոլոր միջոցառումների դեպքում նախատեսված են պայմաններ, այդ թվում՝ նախորդ տարվա շրջանառության առկայության մասին տեղեկություն։ Իսկ նորաստեղծ բիզնեսը չունի այդ եկամուտները։ Գործարարը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս պետք է աշխատի, եթե ստեղծման օրվանից որևէ աջակցություն չի ստանում։ Ինչպե՞ս պետք է վճարի տարածքի վարձակալության վճարը, աշխատակիցների աշխատավարձերը, կոմունալ վճարները և այլն։ Գործարարը նաև նշեց, որ իր աշխատակիցները ամեն օր իրենից հետաքրքրվում են, թե արդյոք սոցիալական աջակցության ծրագրերից իրենք կարո՞ղ են օգտվել, թե՞ ոչ։ Վերջում գործարարը ցավով արձանագրեց՝ նորաստեղծ բիզնեսը հայտնվել է անելանելի վիճակում ու դեռ «չծնված՝ մահանում է»։
Լուսանկարը՝ panorama.am-ի








































